12/09/2017 17:12
Այո, որոշ թերացումներ կան, մի քիչ ժամանակ է անհրաժեշտ, որ շտկենք. Տարոն Մարգարյանը՝ աղբահանության մասին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համաձայն է աղբահանության հետ կապված մտահոգությունների հետ։
«Ես էլ եմ այդ կարծիքին, այո, վերջին ժամանակաշրջանում որոշ թերացումներ կան, «Սանիթեք» ընկերությանը և պատասխանատուներին մեր դժգոհությունն ենք հայտնել», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տարոն Մարգարյանը։
Նա նշեց, որ ընկերությունը որոշակի խնդիրներ է ներկայացրել, որոնք ընդունելի են։
«Ես կոչ եմ արել մեր երևանցիներին, որ մենք էլ մասնակից լինենք մեր քաղաքի մաքրությանը և, ոչ սահմանված վայրում, երբ աղբ ենք թափում, բնականաբար, այդ տեղը «Սանիթեք» ընկերություն պարտականությունների մեջ չի մտնում», - նշեց նա։
Քաղաքապետն ընդգծեց՝ շինարարական աղբ են թափում, ինչը ընկերության պարտականությունների դաշտում չէ։
«Երբ «Սանիթեքն» այդտեղ աշխատանքներ է իրականացրել ոչ իր պարտականությունների շրջանակներում, մեքենաների խնդիր է ունեցել, բայց այսօրվա դրությամբ մեքենաների խնդիր չկա, ընկերությունը իր ամբողջ ուժով աշխատանքները կատարում է, այն թերությունները, որոնք եղել են վերջին մեկ ամսվա ընթացքում, մի քիչ ժամանակ է անհրաժեշտ, որ շտկենք և շատ կարճ ժամանակահատվածում կտեսնեք, որ ամբողջությամբ մաքրված է Երևան քաղաքը», - նշեց Տ. Մարգարյանը։
Անդրադառնալով գարշահոտությանը՝ Երևանի քաղաքապետն ասաց, որ այն սեզոնային բնույթ է կրում։
«Ամեն տարի եղել է նման խնդիր, դրա հիմնական պատճառը ձմերուկն ու սեխն է, քանի որ մեր օջախներում ունենք ձմերուկ, սեխ ու բոլորս օգտվում ենք, և դա բերում է նման տհաճ հոտի», - ասաց նա։
Դիտարկմանը՝ ասում են, թե քաղաքապետարանը «Սանիթեքին» պարտք ունի, այդ պատճառով էլ աղբահանությունը լավ չի կատարվում, քաղաքապետը վստահեցրեց, որ Երևանի քաղաքապետարանը ոչ միայն «Սանիթեքին», այլև, ընդհանրապես, «ոչ մեկին մեկ գրամ պարտք չէ»։
«Երևանի քաղաքապետարանը, գոնե, վերջին 6-7 տարիների ընթացքում երբևիցե մեկ օր չի ուշացրել ծառայություն մատուցող ոչ մի ընկերության վճարը», - ասաց Տ. Մարգարյանը։