25/02/2009 18:12
Վրաստանի դեսպանատան մոտ բողոքում էին
«Այսօր Վրաստանի իշխանությունները, արհեստականորեն պահելով լարվածությունը տարածաշրջանում, իրականացնում են հայազտման և հայաթափման քաղաքականություն»,- Վրաստանի դեսպանատան մոտ «Միտք» վերլուծական կենտրոնի և «Երկիր» հայրենակցական միության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Միտք» վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Աբրահամյանը:
Բողոքի մասանակիցները Վրաստանի իշխանություններից պահանջում էին ազատ արձակել անտեղի ձերբակալված Ջավախքի հայ հասարակական ակտիվիստներին, Հայ Առաքելական Եկեղեցուն տալ իրավական կարգավիճակ, հայ-վրացական սահմանի Ջավախքի անցակետը դարձնել ազատ և թափանցիկ:
«Մենք պայքարում ենք վրացական իշխանությունների հակահայկական քաղաքականության դեմ, քանի որ Ջավախքի հայությունը կառավարվում է ոչ թե իշխանությունների, այլ իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների կողմից»,- ասաց բողոքի ակցիայի մասնակից, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
«Վրացական իշխանությունները, փոխանակ լուծելու ջավախքահայության խնդիրները` փորձում են կոծկել պրոբլեմները, վախի, անվստահության մթնոլոտ սերմանել, որպեսզի ջավախքցիները լքեն իրենց երկիրը, կամ էլ վախից ձայն չհանեն»,-ասաց Թորոսյանը:
Ցույցի մասնակիցները իրենց բողոքները, ելույթներն ավարտելուց հետո պահանջեցին, որ իրենց հայտարարություն-կոչն անձամբ հանձնեն Հայաստանում Վրաստանի դեսպան Ռևազ Գաչեչիլաձեին, սակայն դեսպանատան աշխատակիցն առաջարկեց կամ իրեն հանձնել հայտարարությունը, կամ սպասել 10 րոպե` մինչև վրացի պաշտոնյաներին օդանավակայան ճանապարհող դեսպանը վերադառնա:
Դեսպանը, վերադառնալով, նախ պահանջեց, որ մյուսների հետ դեսպանատուն մտնի նաև Շիրակ Թորոսյանը, ով չէր ցանկանում: «Ո՞ւր է այդ Շիրակ Թորոսյանը»,- հարցրեց դեսպանը: Թորոսյանը և կազմակերպիչներից ևս երեքը մոտ 5 րոպեից դուրս եկան դեսպանատնից ու հայտարարեցին, որ «իրենց ներկայացրած կոչը, քանի որ գրված էր հայերեն, դեսպանը խոստացավ արագորեն թարգմանել և փոխանցել վրացական իշխանություններին»:
Իսկ այն հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն դեսպանից, Շ. Թորոսյանը պատասխանեց. «Չէի ակնակալում, որ դեսպանը պետք է լուծի Ջավախքի հարցը, քանի որ նա ընդամենը միջնորդ է, բայց մենք լինելու ենք հետևողական»:
Ի դեպ, Հայատանում Վրաստանի դեսպանատունը ամբողջովին շրջապատված էր բեռնատար մեքենաներով, իսկ թե ինչու՞ է այդպես արվել, ակցիայի մասնակիցներն իրենք էլ չէին հասկանում:
«Գուցե ինչ որ միտում կա այս ամեն մեջ, բայց չեմ կարծում, որ այսքան միամիտ լինեն, քանի որ ակցիան թույլատրված էր Երևանի քաղաքապետարանի կողմից»,-նշեց Շիրակ Թորոսյանը: