25/02/2009 18:54
Նախիջևան, Արցախ, Ջավախք. նման, թե՞ տարբեր
«Մեր Ջավախքը կանգնած է երկու ճանապարհի առաջ. կամ դառնալու է Նախիջևան, կամ Արացախ: Սա մենք պետք է որոշենք, թե ինչպիսի՞ն ենք ուզում այսօրվա Ջավախքը»:
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայ կամավորականների համախմբում նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը` խոսելով Ջավախքում տեղի ունեցող ձերբակալությունների մասին:
«Միայն այն բանի համար, որ չնեղացնենք Սահակաշվիլուն և Վրաստանի միջոցով մեր կապերը արևմուտքի հետ փորձենք ջերմ պահել, դրա համար զոհ են գնում ոչ միայն երիտասարդները, այլև ամբողջ Ջավախքը»,- նշեց Սեֆիլյանը:
Նրա կարծիքով, Ջավախքի ներկայիս իրավիճակի համար մեղավոր են ոչ թե վրացիները, այլև Հայաստանի իշխանությունները:
«Ես վրացական իշխանություններին ոչնչում չեմ մեղադրում, նրանք իրենց գործն են անում: Ամբողջ խնդիրը Երևանի մեջ է: Եթե այստեղից հավանություն չտրվեր, ոչ մեկին այնտեղ չէին ձերբակալի: Վրացիները կանաչ լույսը այստեղից են ստացել»,- ասաց ասուլիսի հյուրը:
Նա, սակայն, լավատես է և հավատում է, որ եկող սերունդը չի թողնի, որ Ջավախքը Նախիջևան դառնա:
Իսկ հարցին, թե դեպի Վրաստանի դեսպանատուն կազմակերպված ցույցին իրենք մասնակցելու են թե՞ ոչ, բանախոսը պատասխանեց:
«Մատը վերքի վրա չեն դնում: Այդ գործողությունը, եթե տեղի ունենար կառավարության, արտգործնախարարության շենքի առաջև, մենք կմասնակցեինք: Սա նման է նրան, որ ադրբեջանցիները Սումգայիթ կազմակերպեին, իսկ մենք ադրբեջանական դեսպանատան առջև ցույց անեինք, թե ինչու՞ եք մեզ կոտորում: Սրանք սուտ ակցիաներ են, որոնք շեղում են հարցի բուն էությունից»: