01/06/2009 15:10
«Ազատ հասարակության ինստիտուտ»-ի գնահատականները
«Ազատ հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը այսօր հանդես է եկել 2009թ. մայիսի 31-ին Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ իր գնահատականներով: Կազմակերպության հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«1. ՀՀ ԿԸՀ-ն արեց հնարավորինս, որպեսզի ՀՀ Երևանի ավագանու առաջին ընտրությունները անցնեն բարձր մակարդակով, կազմակերպված և առավելագույնս թափանցիկ:
2. Երևանի ավագանու ընտրությունները անցել են միջազգայնորեն ճանաչված բոլոր չափանիշներին համապատասխան` ազատ, արդար և թափանցիկ:
3. Ընտրությունները անցնում էին այլընտրանքային հիմքի վրա, առկա էր 6 կուսակցություն և մեկ դաշինք:
4. «ԱՀԻ» դիտորդները չեն արձանագրել ոչ մի խախտում կամ թերացում ընտրողների քվեարկության, ձայները հաշվելու, ընտրական տեղամասերից ԿԸՀ արձանագրությունների տեղափոխման ժամանակ:
5. Երևանի ընտրական տեղամասերում չի արձանագրվել կողմնակի անձանց, պետական հաստատությունների կամ իրավապահ մարմինների կողմից այդ տեղամասերիաշխատանքներին միջամտելու կամ ընտրությունների ելքը կանխորոշելու փորձեր:
6. Դիտորդները առանց խոչընդոտի կարողացել են ծանոթանալ իրենց հետաքրքրող բոլոր փաստաթղթերին, այդ թվում ընտրատեղամասերի արձանագրություններին:
7. Մեր կողմից չեն արձանագրվել իրավախախտումների կամ ընտրակեղծիքների դեպքեր, նկատված դեպքերը հիմնականում եղել են տեխնիկական թերություններ, որոնք սակայն չէին կարող կանխորոշել ընտրությունների ընթացքը կամ արդյունքները:
8. Առաջիկայում «ԱՀԻ»-ն իր առավել ծավալուն հաշվետվությունը կուղղարկի տեղական և օտարերկրյա ԶԼՄ-ներին, ինչպես նաև բոլոր շահագրգիռ և իրավապաշտպան կազմակերպություններին և Եվրոպական կառույցներին»:
Կազմակերպությունը հայտնում է, որ Երևանի ավագանու ընտրություններին հետևելու նպատակով գործուղել էր մոտ 500 դիտորդներ, որոնք լիարժեք հնարավորություն են ունեցել ներկա գտնվելու և մասնակցելու ընտրատեղամասային հանձնաժողովների աշխատանքներին, այդ թվում նաև` ձայների հաշվարկին: