07/07/2009 13:23
«Գլոբալ ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա»
Այսօր Երևանում մեկնարկել է «Գլոբալ ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա. կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներ» երկօրյա միջազգային համաժողովը, որին մասնակցում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀԲ հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը, ՀԲ, ԱՄՀ, ԱԶԲ, ՄԱԿ, ԵԱՀԿ և մի շարք այլ կառույցների ներկայացուցիչներ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում նշեց, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեր երկրի վրա ուներ իր առանձնահատկությունները, մասնավորապես, բանկային համակարգերի վրա ճգնաժամի առաջին ալիքի բացասական ազդեցությունն այնքան էլ մեծ չէր:
Վարչապետի խոսքով, ճգնաժամի ազդեցությունը հատկապես զգացվեց մասնավոր ներդրումների և տրանսֆերտների կրճատման արդյունքում, ինչը ազդեց ֆինանսական համակարգի վրա:
Տ. Սարգսյանի մեկնաբանմամբ, 2008թ. կառավարությունը հայտնվեց երկընտրանքի առջև. ինչպե՞ս դրամի արժեվորման փուլից անցնել արժեզրկման: Վարչապետի համաձայն, առաջին փուլում նախապատվությունը տրվեց ֆինանսական կայունացմանը և դա իրեն արդարացրեց և, ընդհանուր առմամբ, ֆինանսական համակարգը զերծ մնաց ցնցումներից:
«Արդյունքում մենք ունենք կայուն բանկային համակարգ, որի շահութաբերության մակարդակը դեռևս բավականին գրավիչ է», - ասաց Տիգրան Սարգսյանը:
Որպես տնտեսության երկրորդ լուրջ խնդիր ՀՀ վարչապետը նշեց շինարարության դանդաղումը: Այս տարվա ընթացքում, 5 ամիսների ամփոփումով, կա 16% տնտեսական անկում, որն առաջին հերթին պայմանավորված է շինարարության ոլորտում ծավալների կրճատմամբ:
«Մոտակա ամիսների ընթացքում կանխատեսում ենք, որ այդ ցուցանիշները էլ ավելի կվատթարանան: Ցուցանիշների բարելավում ակնկալում ենք միայն տարվա վերջում», - հայտարարեց Տ. Սարգսյանը:
ՀՀ վարչապետը նաև հայտնեց, որ երկրի 940մլրդ-անոց բյուջեի նկատմամբ հակված չեն «սեկվեստր կիրառելու»: Նրա խոսքով, չի բացառվում, որ դեֆիցիտը լինի 3.5%-ից ավելի,`պայմանավորված ՀՆԱ ցուցանիշի շարունակական վատթարացմամբ:
Կառավարությունը դիտարկում է զարգացումների 3 սցենար` տնտեսության 3.5% անկում, 16% և 20% անկում: Այդ պարագայում բյուջեի ծախսային մասը պլանավորվում է 900մլրդ դրամի շրջանակներում:
«Բյուջեի ֆինանսավորման հիմնական միջոցները ստանում ենք Ասիական բանկից` շուրջ 80մլն դոլար, ՀԲ` 60մլն դոլար, 24մլրդ դրամ կօգտագորվի ՌԴ տրամադրած վարկից, և նեքին շուկայից` 24մլրդ դրամ: Ամենախոշոր ներդրումը կապահովվի ԱՄՀ տրամադրած 150մլն դոլար վարկից», - հայտնեց Տ. Սարգսյանը և հավելեց, որ վարկի հատկացման մասին որոշումն այս գիշեր կայացրել է ԱՄՀ բանկի տնօրենների խորհուրդը, համաձայնագիրը ներկայացվել է ՀՀ ՍԴ, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ` համաձայնագիրը վավերացնելու համար: Նա նշեց, որ 2010թ. բյուջեի խնդիրը լուրջ է` կանխատեսվում է 1%-ոց ՀՆԱ:
ՀՀ վարչապետը նաև հայտնեց, որ երկրի արտաքին պարտքը ՀՆԱ –ի հարաբերակցությամբ կկազմի 35-40%, սակայն իրենք խնդիրներ չեն տեսնում սպասարկման համար` հաշվի առնելով, որ վարկերը տրամարդրվել են հիմնականում երկարաժամկետ և ցածր տոկոսներով:
«Ճգնաժամը բացահայտեց տնտեսությունում առկա մի քանի պրոբլեմներ. այն խոցելի է, և կառուցվածքի առոմով անհրաժեշտ է լուրջ դիվերսիֆիկացիա», - նշեց Տ. Սարգսյանը: