08/07/2009 18:49
Գլոբալ ճգնաժամ. միջազգային փորձագետների կարծիքներ
Երևանում կայացած «Գլոբալ ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա. կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներ» երկօրյա միջազգային համաժողովի մասնակից միջազգային փորձագետներն այսօր համաժողովի ավարտից հետո տեղի ունեցած ասուլիսում միաձայն պատրաստակամություն հայտնեցին աջակցել ՀՀ կառավարությանը` հակաճգնաժամային միջոցառումների ձեռնարկներում:
ՄԱԿ զարգացման ծրագրի գլխավոր տնտեսագետ Բեն Սլեյի կարծիքով, ՀՀ կառավարությունը տհաճ վիճակում է գտնվում, քանի որ միաժամանակ պետք է բազմաթիվ նախաձեռնություններ իրականացնի սահմանափակ ռեսուրսներով: «Կառավարությունը լավագույնս իր ջանքերն է կիրառում և ամեն ինչ անում է հարկաբյուջետային մարտահրավերներին դիմակայելու համար»,- հայտարարեց Բ. Սլեյը:
Ասիական զարգացման բանկի Ռազմավարական հետազոտությունների բաժնի ղեկավար Ջեսուս Ֆիլիպը նշեց, որ ՀՀ կառավարությունը ճգնաժամի ազդեցությունը հաղթահարելու համար ստիպված կլինի միջոցներն ուղղել 2 ուղղություններով` սոցիալական ծախսեր և մեկնարկել ծրագրեր` աշխատատեղեր ստեղծելու համար: Նա նաև գտնում է, որ կառավարությունը պետք է բարեփոխումներ կատարի տնտեսության ձևափոխման, ինչպես նաև` «պարտքի բեռը հաջորդ սերունդների վրա չբարդելու» համար:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը, պատասխանելով ՀՀ կառավարության վարած հարկային քաղաքականության նպատակահարմարության վերաբերյալ հարցին, պատասխանեց, որ իշխանությունները պետք է նվազեցնեն հարկային բեռը, հատկապես ՓՄՁ-ների համար. «Ինչ վերաբերում է բյուջեի ճեղքվածքը լրացնելու հնարավորությանը, ապա այստեղ շատ ավելի պոտենցիալ կա խոշոր ընկերություններին հարկադրելուց: Այնտեղ է պետք փնտրել միջոցներ»,- ասաց Ս. Կապինոսը: