08/07/2009 18:57
«Անցումային շրջան. զարգացման հիմնախնդիրներ»
Այսօր Երևանում տեղի ունեցավ «Անցումային շրջան. զարգացման հիմնախնդիրներ» տեղեկագրի հուլիսյան համարի շնորհանդեսը: Տեղեկագիրը թողարկվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի համատեղ ջանքերով և արծարծում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Անկախ պետությունների համագործակցության երկրների հիմնախնդիրները:
Հուլիս ամսվա համարը նվիրված է համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարածաշրջանային ազդեցության ուսումնասիրությանը և ընդգրկում է ՄԱԶԾ-ի և Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի ներկայացուցիչների հոդվածներ:
Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ով կարևորեց նման տեղեկագրի հրապարակումը և շնորհակալություն հայտնեց պարբերականի նախաձեռնողներին ու հեղինակներին: «Այս պարբերականը հարստացնում է գլոբալ ճգնաժամին նվիրված միջազգային համաժողովը»,- նշեց նա և հավելեց, որ աչքի է անցկացրել բոլոր նյութերը, որոնց թեմաները հուզում են ողջ հասարակությանը:
ՄԱԿ զարգացման ծրագրի աղքատության նվազեցման հարցերով տարածաշրջանային պատասխանատու Բալաշ Հորվաթի խոսքերով, «տնտեսական ճգնաժամը Հայաստանում կարող է խթանել բեկումնային բարեփոխումներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են շրջակա միջավայրը, սոցիալական ապահովությունը, առողջապահությունն ու ներգաղթը»: