27/07/2009 19:30
Շենգավիթում ունենք քաղաքակրթություն` թվագրված 5.000 տարի առաջ
2009 թ.-ի հուլիս 2-ից Երևանյան լճին հարակից Շենգավիթ հնավայրում պեղումներ են սկսվել: Պեղումներ իրականացնող արշավախումբը գլխավորում է Պատմամշակութային ժառանգության գիտամշակութային կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը: Պեղումների աշխատանքներին մասնակցում են Ֆլորիդայի Ուայդների համալսարանի պրոֆեսոր Միտչել Ռոթմանը, Կանադայի արքայական հնագիտական ինստիտուտի աշխատակից Դան Ռահիմին, կամավորներ, հնագետներ:
Շենգավիթյան հնավայրը, ըստ տարածքի հնաբնակների վկայության, մոտ 6 հա տարածք է ներառել: 1953 թ.-ի հնավայրի տարածքում կառուցվել են պոլիկլինիկա, հիվանդանոց, բնակելի տներ: Անտեսելով հնավայրի պատմական նշանակությունը` կառույցների շինարարական աշխատանքների ընթացքում ոչնչացվել են զգալի հնագիտական շերտեր, հնավայրի գրեթե կեսը: Երևանյան լճի ջրերի բարձրացման հետևանքով Շենգավիթյան հնավայրի որոշ մասը մնացել է ջրի տակ:
Այժմ Մշակույթի նախարարությունը` քաղաքապետարանի համաձայնությամբ, հուշարձանի պահպանության համար տարածքը սահմանազատել է:
Շենգավիթյան հնավայրում պեղումների ընթացքում բացվել են բազմաթիվ կառույցներ, որոնց թվում` ուղղանկյուն հատակագծով շինություն` թվագրված մ.թ.ա. 27-28 դ: Կառույցն ունի 100 քառ մ տարածք, որի շարունակությունը դեռևս պեղված չէ: Հնագետները կարծում են, որ հայտնաբերված շինությունը հասարակական կառույց է, քանի որ շինության տարածքում հայտնաբերվել են հացահատիկի հորեր:
Հորերը տանձաձև լայնացող պատեր ունեն, գլանաձև քարերից շարված մուտքեր, որոնք իրենց հերթին շարվում-փակվում են սկավառակաձև կլոր սալերով: Հսկայական ցորենի հորերը, ըստ Հ. Սիմոնյանի, նախատեսված են եղել ոչ միայն տարածքի բնակչության համար:
«Այդ ժամանակաշրջանում երկրագործությունը բացառիկ մեծ տարածում է ունեցել: Գտնվել են տասնյակ մանգաղների ներդիրներ, որոնք պատրաստված են կայծքարերից: Սղոցաձև գործիքներ են, որոնք բիտումի կամ այլ նյութերի օգնությամբ ամրացվել են խոշոր եղջերավոր անասունների ծնոտներին կամ փայտե հիմնակմախքի վրա»,- ասաց հնագետը:
Բացառիկ գտածոներրից Հ. Սիմոնյանը առանձնացրեց փափուկ քարից պատրաստված հմայիլ կախիկը, որը շրջանաձև ներգծված զարդ է և ծածկված է եղել սև ներկով:
«Զարմանալին այդ քարի վրա հանդիպող սեպաձև զարդերն են: Եթե դա սեպագիր գրություն է, ապա դա ամենահինն է ամբողջ Կովկասում: Մյուս գտածոներից կարող ենք առանձնացնել վանակատից կախիկը: Քարը շատ դժվար մշակվող է, իսկ վանակատից կախիկը այնքան հիանալի է մշակված, որ կարծես «վերնիսաժից» վերցրած լինի»,- նշեց Հ Սիմոնյանը:
Սա նշանակում է, որ Հայաստանը սերտ կապեր է ունեցել միջագետքյան քաղաքակրթությունների հետ: Հնարավոր է, որ գտածո աշխատանքները տեղի վարպետների ձեռքի գործն են, նաև հնարավոր է, որ բերվել են դրսից: Այս ամենը դեռ պարզաբանման կարիք ունի:
Գտածոներից Հ. Սիմոնյանը հատուկ նշեց կապույտ գույնի ապակե հուլունքի մասին: և հավելեց, որ «նույնիսկ Եգիպտոսի կամ Հարավային Միջագետքի հզորագույն քաղաքակրթությունները չունեն այդքան վաղ ապակու մշակություն»:
Ապակե հուլունքը գտնվել է 4-րդ հազարմայակի երկրորդ կեսով թվագրված շինարարական 4-րդ հորիզոնում:
«Նման ապակեգործության վկայություն այլ տարածաշրջանից չունենք: Սա եզակի փաստ է, որը պետք է հիմնավորվի նորագույն հայտնագործություններով: Կարող ենք վստահաբար ասել, որ Հայաստանը եղել է ապակեգործության հայրենիքներից մեկը»,- ասաց Հակոբ Սիմոնյանը:
Շենգավիթյան հնավայրը, ըստ պատմաբանների կողմից ընդունված տեսության, պատկանում է նախնադարյան հասարակությանը: Հ. Սիմոնյանը, հենվելով նորագույն գտածոների վրա, կարծում է, որ այս տեսակետը «արմատական վերանայման կարիք ունի»:
4-րդ հազարամյակում Հայաստանում արդեն ձևավորված է եղել քաղաքակրթություն և, ըստ հնագետի, «վերանայման կարիք ունի» նաև Երևանի ամենահին բնակավայր հասկացությունը:
«Երևանի հնագույն բնակավայրը Էրեբունին է` թվագրված մոտ 3. 000 տարի: Մենք Շենգավիթում ունենք շատ ավելի վաղ քաղաքակրթություն` թվագրված 5.000 տարի և ավելի: Ինչքան մենք ենք Էրեբունուց հեռու, այնքան Շենգավիթն է հեռու Էրեբունուց»,- ասաց Հակոբ Սիմոնյանը: