13/08/2009 15:27
Վերաօծվեց Բուղաշեն գյուղի Սբ. Հարություն եկեղեցին
Օգոստոսի 8-ին ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե- Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբկեն աբղ. Սալբիյանի և Ախալքալաքի ու Արագովայի հոգևոր հովիվ Տ. Սամվել քհն. Թորոսյանի և Տ. Թադեոս քհն. Տեր-Մկրտչյանի, վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղի Սբ. Հարություն եկեղեցին, որին հաջորդեց անդրանիկ պատարագի մատուցումը:
Այդ օրը բազմամարդ էր Բուղաշեն գյուղը: Ախալքալաքից, հարակից գյուղերից, Հայաստանից ժամանել էին բազմաթիվ հյուրեր՝ մասնակցելու Սբ. Հարություն եկեղեցու վերաօծման սրբազան արարողությանը:
Բուղաշենի ազգաբնակչությունը 1830 թ-ին փոխադրվել է Կարնո գավառի Տանձուտ և Բռնակապան գյուղերից: Վերաբնակեցման տարիներին ժողովրդի միջոցներով գյուղում կառուցվում է քարաշեն, փայտածածկ եկեղեցի:
1860-ական թթ-ից գյուղում արդեն գործում է եկեղեցական ծխական դպրոց: 1899թ-ի դեկտեմբերի ահեղ երկրաշարժից տուժում է նաև եկեղեցին, սակայն 1909թ-ին ժողովրդի միջոցներով հիմնավորապես վերանորոգվում է և գործում մինչև 1930-ական թթ., ապա փակվում, վերածվում պահեստի, իսկ քահանան՝ աքսորվում:
Վերականգնումից 100 տարի անց բուղաշենցիները ըմբոշխնեցին եկեղեցու վերանորոգման և վերաօծման հրաշալի արարողությունը:
Սբ. Հարություն եկեղեցին վերանորոգվել և տարածքը բարեկարգվել է նույն գյուղի ծնունդ, այժմ Ռուսաստանի Դաշնություն բնակվող Խաչատուր Եղոյանի միջոցներով:
Եկեղեցու բարերար Խաչատուր Եղոյանը դեռևս պատանեկության տարիներին երազել էր վերանորոգված և գործող տեսնել իր պապերի եկեղեցին և Բարձրյալի ողորմածությամբ իրականություն դարձավ նրա և Եղոյան ընտանիքի երազանքը:
Առաջնորդ Սրբազանը բարձր գնահատեց Եղոյան ընտանիքի աստվածահաճո գործը և պատգամեց վերականգնել կորցրած մեր եկեղեցական այն ավանդությունները, ծիսակարգը, որոնք խորհրդային տարիներին դադարել էին գործել:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Խաչատուր Այվազյանը, շրջանային վարչության նախագահ Նաիրի Իրիցյանը, Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր Հարություն Հովհաննիսյանը, Վրաստանի Կառավարության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Համլետ Մովսիսյանը և պաշտոնական այլ անձինք:
Հավարտ սբ. Պատարագի կատարվեց ավանդական մատաղի օրհնություն և ժողովրդական հանդիսություն: Այս մասին տեղեկացնում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը: