28/08/2009 19:22
Ադապտացվում են իրաքահայերը
2004 թ.-ից Հայաստանում գրանցվել է գաղթականների զգալի ներհոսք Իրաքից: Ներգաղթածներն էթնիկ հայեր են, ովքեր Իրաքից հեռացել են` խուսափելով ազգային և կրոնական բնույթի բռնություններից ու հետապնդումներից: Այս խոցելի խումբը գոյատևման միջոցներ գրեթե չուներ և մեծ դժվարությունների էր հանդիպում նոր միջավայրին ընտելանալու ճանապարհին:
Մինչդեռ ինչպես հայտնի է, մեկուսացումը կարող է կործանարար արդյունքներ ունենալ: Հետևաբար հարկավոր էր ինչ-որ քայլեր ձեռնարկել այդ խնդիրը լուծելու համար:
Նախ և առաջ, իրաքահայերը հատուկ ուշադրության, վերաբերմունքի և աջակցության կարիք ունեին, քանի որ նրանք տուժել էին պատերազմից: Երկրորդ` նրանց ինտեգրման համար անհրաժեշտ էր տեղերում կրթության հնարավորություն ապահովել:
«Մշակութային ադապտացում կրթության միջոցով» ծրագիրը մեկամյա նախաձեռնություն էր, որի նպատակն էր նպաստել Հայաստանում ապաստանած իրաքահայ գաղթական երեխաների, երիտասարդների և նրանց ծնողների կրթությանը, մշակութային ադապտացմանն ու կենսապայմանների բարելավմանը:
Ծրագրի շրջանակներում մի շարք աշխատանքներ են իրականացվել նախադպրոցական տարիքի երեխաների կրթության, դպրոցահասակ երեխաների արտադպրոցական կրթության, ինչպես նաև` գաղթական ընտանիքների մշակութային ադապտացման և կենսապայմանների բարելավման նպատակով:
Ծրագրի շրջանակներում Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Ավան-Առինջ համայնքներում հիմնվել են կրթամշակութային կենտրոններ, որոնք բաղկացած են մանկահասակ երեխաների ցերեկային խնամքի կենտրոնից, նախադպրոցական տարիքի երեխաների ուսումնական կենտրոնից, համակարգչային, լեզուների և բիզնեսի դասընթացների, ինչպես նաև` ծնողական կրթության դասասենյակներից և վարչական մասից:
Ցերեկային խնամքի կենտրոնն, օրինակ, վաղ մանկության զարգացման պայամաններ է ապահովում այն երեխաների համար, ովքեր զրկված են իրենց տարիքին համապատասխան կրթություն ստանալու հնարավորությունից: Նախադպրոցական կրթության կենտրոնում 5-6 տարեկան երեխաներն իրենց առաջին քայլերն են անում գրելու, կարդալու և մաթեմատիկայի բնագավառում և պատրաստվում դպրոց հաճախելուն: Ծնողների համար նախատեսված դասընթացների ընթացքում քննարկումներ և անհատական խորհրդատվություններ են անցկացվում երեխաների կրթության, առողջության, սննդի և դաստիարակության հարցերի շուրջ:
«Երեխան երեխայի համար» խմբերը նպատակ ունեն բարենպաստ միջավայր ստեղծել իրաքահայ դպրոցահասակ և տեղացի երեխաների շփման համար:
Աշխատանքային հնարավորությունների ապահովումը կենսական նշանակություն ունի գաղթականների` նոր միջավայրում ադապտացվելու համար:
Ծրագրի պատասխանատուները խոստանում են նախաձեռնությունը դարձնել շարունակական: