ARM   RUS   ENG

Հայաստանի ՄՀՀ-ն չի համապատասխանում բարեկեցության մակարդակին

Հայաստանի Մրցունակության համաշխարհային համաթիվն (ՄՀՀ) ավելի ցածր է, քան երկրի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի մակարդակը կարող է ապահովել: Սա ցույց է տալիս, որ, միջնաժամկետ կտրվածքով, կայուն աճի հեռանկարները կարող են վտանգված լինել: Այս մասին ասվում է «Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2009» երկրորդ հրատարակությունում, որի շնորհանդեսը կայացավ այսօր: Զեկույցը պատրաստել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը:

Զեկույցում Հայաստանը համեմատվել է երեք տարածաշրջանների` Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ), Արևելյան Եվրոպայի (ԱԵ) և «Եվրասիական խաչմերուկի» (Սև, Միջերկրական և Կասպից ծովերի միջև ընկած երկրներ` Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Հորդանան, Իրան, Իսրայել, Լիբանան, Սիրիա և Թուրքիա) տարածաշրջանների երկրների հետ:

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը հայտնեց, որ, զեկույցի համաձայն, համեմատվող 29 երկրների մեջ Հայաստանը հիմնականում զիջում է միջին և լավագույն կատարողականներ ունեցող երկրներին, այդ թվում` Ադրբեջանին և Վրաստանին: Ընդհանուր առմամբ` ՄՀՀ-ով երկրների վարկանիշերը համապատասխան են նրանց բարեկեցության մակարդակին:

«Հայաստանը շարունակում է բարենպաստ դիրք գրավել մակրոտնտեսական կատարողականի, աշխատուժի շուկայի արդյունավետության, առողջապահական մի շարք ցուցանիշներով»,- նշեց Մ. Հերգնյանը:

Միաժամանակ, նկատելի բարելավումներ են գրանցվել ֆինանսական շուկայի և ենթակառուցվածքների ցուցանիշներում` ի հաշիվ այս ոլորտներում օտարերկրյա ներդրումների մեծ հոսքի: Սակայն, ըստ զեկույցի, մրցունակության էական խոչընդոտների մեջ շարունակում է գերիշխող դիրք գրավել ապրանքային շուկայում սահմանափակ մրցակցությունը:
 

16.09.2009, 17:51

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |