06/10/2009 20:43
Մխիթար Սեբաստացու պատգամը
Այսօր ՀՀ ԳԱԱ-ի Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր հայր Լևոն Զեքիյանը դասախոսությունը «Մխիթար Սեբաստացի» թեմայով: Հայր Լևոն Զեքիյանը դասախոսում է Վենետիկի համալսարանում:
«Կրոնական կամ քրիստոնեական հումանիզմի կրող», այսպես բնորոշեց հայր Լևոն Զեքիյանը Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու գաղափարը և նշեց, որ հայերս դեռևս 5-րդ դարում արդեն տիրապետում էինք այն գաղափարին, ըստ որի, ընդունում էինք, որ «հույներն են մայրը և դայակը ամենայն իմաստության»:
«Բայց Արևմուտքը միշտ կմնա իր մենավերագրումային հորիզոնի մեջ, բայց հայերս կընդունենք հույներին իբրև մայր և դայակ իմաստության, բայց մենք այդ իմաստությամբ կարողացել ենք հայ մնալ»,- շեշտեց Լ. Զեքիյանը:
Բանախոսը, անդրադառնալով Մխիթար Սեբաստացու կյանքին և գործունեությանը, ընդգծեց, որ իհարկե մեծ և կարևոր է նրա գործը, այն տարիներին, երբ «քաղաքական իշխանությունը փլված էր, ժողովրդի վիճակը` դժվարին»:
Որպես ամփոփում պրոֆեսորը տեղեկացրեց, որ խորհրդանշական էր, երբ Մխիթար Սեբաստացին դասասենյակ էր մտնում և դիմում աշակերտներին` մի ձեռքին Աստվածաշունչ, մյուսում` Հայկազյան բառարան` «դուք այս երկու թևերով պիտի թևածեք»: Բանախոսը նշեց, որ այս պատգամը այժմեական է նաև այսօր: