28/10/2009 14:19
Ավետիք Գրիգորյանը և Աննա Հայրապետյանը` առաջատարների թվում
Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Հայրապետյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մասնակցում են Արգենտինայում ընթացող մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը:
13 տուրից բաղկացած մրցաշարում արդեն տեղի են ունեցել 7-րդ տուրի պարտիաները: Ավետիք Գրիգորյանը կորցրել է ընդամենը 2 միավոր: Վերջին` 7-րդ տուրում հայ գրոսմայստերն սպիտակներով առավելության հասավ արգենտինացի Ժակես Բլիտի նկատմամբ և այժմ իր ակտիվում 5 միավոր ունի: Այդ ցուցանիշով նա մի շարք այլ շախմատիստների հետ բաժանում է 5-11-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է Բելառուսի ներկայացուցիչ Սերգեյ Ժիգալկոն: Նրան 5,5 միավոր արդյունքով հաջորդում են ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե Լագրավը, վենեսուելացի Էդուարդո Իտուրիզագան և գերմանացի Ֆալկո Բինդրիչը:
Այսօր մրցաշարում հանգստյան օր է հայտարարված: Վաղը կայանալիք 8-րդ տուրում Ավետիքը կմրցակցի ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինի հետ:
Կանանց առաջնությունում Աննա Հայրապետյանը նույնպես լավ դիրքում է հաստատվել, որը նրան հնարավորություն է տալիս պայքարել ավելի բարձր տեղերի համար: Նա 7-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Մոհանթի Մանիշա Կիրանի հետ և 4,5 միավորով հաստատվեց 9-13-րդ տեղերը բաժանող շախմատիստների թվում: 8-րդ տուրում նրա մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Նազի Պայկիձեն է: