ARM   RUS   ENG

Եվս երկու արգելավայր է ստեղծվելու

«Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում» ծրագրի շրջանակներում նախատեսված է Հայաստանում նոր արգելավայրեր հիմնել: Այդ մասին այսօր Երևանում մեկնարկած սեմինար-քննարկումների ժամանակ, հայտնեց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Ըստ նախարարի, բնության հատուկ տարածքների տարբեր կատեգորիաների ստեղծումը բնության պահպանության տարածքային ձև է, որը տվյալ երկրի ընդհանուր բնապահպանական համակարգերի անբաժանելի մասն է:

«Այդ տարաքծները պետք է օրգանապես ընդգրկվեն արդյունավետ բնօգտագործման համակարգում և փոխազդվելով` շահագործվող տարածքների հետ, իրականացնեն միջավայրապաշտպան և ռեսուրսախնայողական դրույթներ, և այս ծրագրի շրջանակներում երկու նոր արգելավայրեր են ստեղծվելու` Գնիշիկ և Խուստուփ»,- տեղեկացրեց Ա. Հարությունյանը:

Նշենք, որ Գնիշիկի արգելավայրը ունենալու է մոտ 20.000 հա, իսկ Խուստուփի արգելավայրը` մոտ 12.000 հա տարածք:

«Մենք արդեն իսկ ստեղծել ենք Զանգեզուր արգելավայրը և այս տարածքներում կկատարվի կենսաբազմազանության գույքագրում, այս արգելավայրերի համար կմշակվեն կառավարման և բիզնես-պլաններ, կհզորացվեն պահպանվող տարածքների ինստիտուցիոնալ կարողությունները»,- ընդգծեց բնապահպանության նախարարը:

Արամ Հարությունյանը նաև համոզմունք հայտնեց, որ ծրագրի իրականացումը կհանգեցնի Հայաստանի պետական արգելավայրերի կառավարման բարելավմանը, շահագրգիռ կողմերի արդյունավետ համագործակցությանը, և կնպաստի կենսաբազմազանության մասին Կոնվենցիայով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը:
 

08.02.2010, 18:45

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |