ARM   RUS   ENG

ՀՌԱՀ-ը չի սահմանափակում, տեղափոխում է 24:00-ից հետո

Օրերս Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) սահմանել է «Հեռուստատեսության և Ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի` էրոտիկ բնույթի հեռուստահաղորդումների, սարսափ և բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև` անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացվածություն, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հեռուստահաղորդումների` բացառությամբ կոդավորված հետուստահաղորդումների, չափորոշիչները: Նշենք, որ օրենքի համաձայն նմանօրինակ հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել 24:00-ից մինչև 06:00-ն, իսկ չափորիչները սահմանում է ՀՌԱՀ-ը:

«ՀՀ օրենքով յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչ արգելված չէ օրենքով, եթե մտցվում է սահմանափակում, ապա պետք է օրենքով արգելվի ու սահմանափակվի, ձևական կողմը շատ կարևոր է»,- այս առիթով ծավալված բանավեճի ընթացքում հայտնեց Աշոտ Բլեյանը, ով համոզված է, որ «սա հերթական ձևական փոփոխությունն է, որը լրացուցիչ սահմանափակումներ է առաջացնելու»:

Ի պատասխան Ա. Բլեյանի պնդումների` ասուլիսին ներկա ՀՌԱՀ փոխնախագահ, Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն ընդգծեց, որ հանձնաժողովը «չափորոշիչները սահմանելու ընթացքում ոչինչ չի սահմանափակել»:

«Հանձնաժողովը գնացել է այն ճանապարհով, թե ինչ է կարելի ցուցադրել 12:00-ից 6-ը. որևէ բան որևէ մեկին չի արգելվում, այլ ասվում է, որ այն նյութերը, որոնք կարող են ազդել անչափահասի դաստիարակության, հոգևոր զարգացման պրոցեսին, տեղափոխեք 12-ից հետո»,- մանրամասնեց Ժ. Դադասյանը:

Ժ. Դադասյանի տեղեկացմամբ` ցանկացած հեռուստաընկերություն, ըստ օրենքի, ՀՌԱՀ սահմանած չափորոշիչները խախտելու դեպքում նախ կստանա գրավոր զգուշացում: Նշենք, որ հեռուստաընկերությունը գրավոր զգուշացում կստանա նաև երկրորդ անգամ խախտում կատարելու դեպքում, իսկ երրորդի դեպքում` պարզապես կզրկվի եթեր հեռարձակելու լիցենզիայից: Հանձնաժողովի փոխնախագահը հավաստիացնում է, որ հանձնաժողովը հետամուտ է լինելու չափորոշիչների կատարմանը:
 

08.02.2010, 18:10

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |