Դինո Գոլդ մայնինգ. Զանգվածային հեռացումներ կան ու կլինեն
Դեռևս 2009թ.-ի հոկտեմբերից Կապանի բնակչության հիմնական աշխատատեղ հանդիսացող Դինո Գոլդ մայնինգ ընկերությունը սկսել էր աշխատողներին ծանուցագրեր ներկայացնել, ըստ որոնց` նրանք պարտավորվում էին ծանուցագրի ժամկետը լրանալուն պես ազատել աշխատավայրը:
«Ոչ մեկիս այդպես էլ չբացատրեցին, թե ինչո՞ւ են ուզում ազատել աշխատանքից, տեղամասի պետերից մեկն ասում է` լավ չեք պահել ձեզ, մյուսն էլ, թե ճգնաժամ է, տնօրենն այդքան աշխատող չի ուզում պահել»,- պատմեց կոմբինատի աշխատողներից մեկը:
Աշխատանքից ազատվել է նաև Դինո Գոլդ մայնինգ ընկերության լրատվության վարչության պետը, սակայն աշխատատեղը երկար թափուր չի մնացել, վարչության նոր պետ Նորայր Աղայանն արդեն անցել է աշխատանքային պարտականությունների կարատմանը, ով և Aysor-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ընկերությունում կրճատման գործընթացը դեռևս շարունակվում է, տվյալ պահին ընդհանուր առմամբ, ըստ Աղայանի, ազատված են 17 հոգի, հանքափորներ ու մի քանի հոգի դրսի աշխատողներ, ևս 12-ը ծանուցվել են, և աշխատանքից կհեռացվեն մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում:
«Խոսքն ընդհանուր առմամբ 50-55 հոգու մասին է, որ պետք է ազատվեն աշխատանքից, և հիմնականում հանքափորներ: Կրճատումների պատճառն արդյունավետության բարձրացումն է, չկա այնքան աշխատանք, որ բավարարի այդքան աշխատողների: Այստեղ խոսքը մասսայական կրճատման մասին չէ, պարզապես կատարվում է զուտ որոշակի կրճատում` արդյունավետության բարձրացման համար»,- ասաց Աղայանը:
Մոտ երկու տասնյակ հազար բնակչություն ունեցող Կապանի համար պաշտոնական 55, ոչ պաշտոնական շատ ավելի մեծ թվով կրճատումը եթե զանգվածային չի որակվում, ի՞նչ բնորոշում կարելի է տալ իրավիճակին: Հարցին Դինո Գոլդ մայնինգ ընկերության լրատվության վարչության պետը պատասխանեց, որ դեռևս ճգնաժամը սկսելուց անմիջապես հետո ընկերությունը հայտարարել էր, թե իր համար աշխատողների օպտիմալ թիվը 950-ն է. «Մենք 3 ամսվա մեջ պիտի անեինք կրճատման գործընթացը, սակայն ևս մեկ տարի երկարաձգեցինք, որպեսզի սոցիալական բեռը թեթևացնենք»:
Նշենք, որ կրկին պաշտոնական տվյալներով, կոմբինատում այսօր աշխատում է 1173 հոգի, և Աղայանի նշած 50-55 աշխատակցի կրճատումը դեռևս կոմբինատին չի հասցնի «երևելի» 950-ին:
«Բացառված չէ, որ նորից լինեն կրճատումներ, որպեսզի ապահովվի նախանշված թիվը, իսկ մոտակա ամիսներին խոսքը գնում է 50-55 հոգու մասին: Միևնույն ժամանակ, աշխատավարձի բարձրացում կլինի 30-60 տոկոսի սահմաններում»,- նշեց Նորայր Աղայանը:
Իսկ ճշտմանը, որ բանվորներն Aysor-ի հետ զրույցում խոսել են մեծ թվով կրճատումների մասին, Աղայանը հարցրեց` բանվորն ի՞նչ գիտի, թե քանի՞ հոգի պիտի կրճատվեն:
Ինչ վերաբերում է կրճատման հիմնական թեկնածուներին, ապա Աղայանի խոսքով, կրճատման համար կոնկրետ տարիք չկա, նաև երիտասարդներ են կրճատվում:
«Խոսքը գնում է արտադրողականության արդյունավետության մասին, շատ մանրամասն դիտարկվել են թեկնածուները: Առավել արտադրողական ասվածի մեջ մտնում են լավ աշխատողները, կարգապահները, հիվանդությունների պատճառով քիչ բացակայողները, ովքեր և կմնան կոմբինատում, իսկ ովքեր շատ են բացակայել, կարգապահ չեն եղել, նկատողություններ են ստացել, կրճատվում են: Այնպես չի, որ առավել կարգապահը դուրս է մնացել աշխատանքից: Ես հավատում եմ ընտրության արդարությանը»,- հավաստիացրեց Ն. Աղայանը:
Սակայն Դինո Գոլդ մայնինգ ընկերության մեկ այլ աշխատակից ներկայացրեց, որ իր ծանուցման մեջ գրված չէ որևէ խախտման մասին, պարզապես աշխատատեղերի կրճատման պատճառով ինքը պետք է հեռացվի աշխատանքից:
Երբ հունվարին լամպավարների ու անվտանգության բաժինները միացվեցին, անվտանգության բաժնի աշխատակիցներին հանձնարարական եղավ կատարել նաև լամպավարների աշխատանքը, իսկ լամպավարներին ազատել են աշխատանքից:
Ընդ որում, կոմբինատից պաշտոնապես նշեցին, որ 17 աշխատակից է կրճատվել, որոնցից 3-4-ն են դրսի աշխատող, սակայն միայն 6 լամպավար (լամպավարները համարվում են դրսի աշխատողներ) Aysor-ին հայտնեցին իրենց կրճատման մասին, նաև տեղեկացրին, որ 25-ից ավելի բանվորներ ևս կրճատվել են:
«Շատ հանգիստ կարող են չեղյալ համարել իմ ծանուցումը, քանի որ երկար տարիների աշխատող եմ, 16 տարվա մեջ ոչ մի նկատողություն չեմ ունեցել, որևէ բացակայություն չեմ ունեցել: Նաև տնօրինությանն եմ ներկայացրել իմ թղթերը, նրանք էլ տեսել են, որ որևէ խախտում կամ կարգապահական նորմ չեմ ոտնահարել, սակայն ինձ ասացին, որ աշխատողների ավելցուկ կա, դրա համար են ազատում աշխատանքից»,- պատմեց աշխատակիցը, ով և զարմացած էր վերը նշված չափանիշներից, ըստ որոնց մարդիկ ազատվում են աշխատանքից:
Հ.Գ. Աշխատանքից ազատված ամեն կապանցու համար գրեթե անհնար է հայրենի քաղաքում գտնել նոր աշխատանք` գործող մեկ կոմբինատի պայմաններում, իսկ քաղաքային իշխանությունները դեռևս չեն շտապում հանդիպել աշխատանքից հեռացվողների կամ հեռացման եզրին կանգնածների հետ: Միայն մեկ անգամ մարզպետ Սուրեն Խաչատրյանն է հանդիպել, ով և խնդրել է բանվորներին ցույցեր չանել, անցնել աշխատանքի, և բանվորների մի մասը նշում է, որ հենց այդ հանդիպումից հետո շատ ցուցարարների մեծ մասն ազատվել է աշխատանքից: Իրականում բանվորներին հանդիպել, նրանց աշխատանքային հարցով հետաքրքրվել պետք է, քանի որ աշխատանքից ազատված ամեն քաղաքացի դժվար թե երկար ժամանակ առանց աշխատանքի ու օրվա հացի մնա հայրենի քաղաքում:
09.02.2010, 10:23
Aysor.am
16:59 • 12/03, «Եթե ճգնաժամը կրկնվի, ո՞վ է երաշխավորելու փողերի վերադարձը»
16:56 • 12/03, Մարտի 11-ին ծիրանենիները ծաղկել են Արմավիրի մարզում
16:42 • 12/03, ՍԻՄ առաջնորդ. «Թուրքիան կառուցողական դաշտ չի ուզում մտնել»
16:27 • 12/03, Կասեցվել է Երևանից Բանգկոկ թմրամիջոցների տեղափոխման փորձը
16:23 • 12/03, Հայկ Բաբուխանյանը դժգոհ է ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայից
16:16 • 12/03, Ճշտվել են ադրբեջանական զինյալներից ևս մի քանիսի անունները
16:12 • 12/03, ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Լեհաստանի վարչապետին
15:59 • 12/03, Հեռուստադիտողները չեն ստանա ոչ բարենպաստ հաղորդումներ
15:45 • 12/03, Ցեղասպանության հարցում Հայաստանը պետք է ավելի խտրական լինի
15:37 • 12/03, Շուտով կգործի Հրազդան-Երևան երկաթուղային չվերթը
Գլխավոր