ARM   RUS   ENG

Տիմոշենկոն դժգոհ է, Եվրոպան շնորհավորում է, Ժիրինովսկին` սփոփում

Յուլիա Տիմոշենկոն մտադիր չէ ընդունել Ուկրաինայի նախագահի ընտրություններում Վիկտոր Յանուկովիչի տարած հաղթանակը:

«Ես երբեք չեմ ընդունի նման ընտրություններում Յանուկովիչի հաղթանակի լեգիտիմությունը», - հայտարարել է Ուկրաինայի վարչապետը և հավելել, որ հանձնարարել է իրավաբաններին պատրաստվել քվեարկության արդյունքների բողոքարկմանը: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍ-ը:

Սակայն Տիմոշենկոյի կարծիքը չեն կիսում եվրոպացիները: Այսպես, Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը, չսպասելով ընտրությունների պաշտոնական արդյունքներին, շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին` ազատ և արդար ընտրությունների համար:

«Դա մեծ հաջողություն է ամբողջ Ուկրաինայի համար: Չնայած վերջին տարիների քաղաքական անկայունությանը` մենք այնտեղ տեսնում ենք ամուր ժողովրդավարական հիմք», - ըստ Ինտերֆաքսի, հայտարարել է Եժի Բուզեկը:

Իսկ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, շնորհավորելով Վիկտոր Յանուկովիչին` տարած հաղթանակի կապակցությամբ, «սփոփանքի խոսքերով» նամակ է հղել Յուլիա Տիմոշենկոյին:

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, իր նամակում Ժիրինովսկին մասնավորապես նշել է. «Այսօր ես ցանկանում եմ Ձեզ տոկունություն և… արիություն. բոլոր անհաջողությունները կարելի է օգտագործել ի շահ քաղաքական կարիերայի: Եթե, իհարկե, չընկնել անտեղի քաղաքական նյարդայնության մեջ, որը թշնամիները անպայման հիստերիա և անհավասարակշռություն կանվանեն»:
 

09.02.2010, 09:57

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |