11/02/2010 15:05
Վարդան Մինասյանը հավաքականը կգլխավորի մինչև 2012թ.
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը տարածել է մի հաղորդագրություն, որում նշվում է, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով «Փյունիկի» մարզիչ Վարդան Մինասյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Մինասյանը կգլխավորի հավաքականը մինչև 2012 թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի ավարտը:
Մամուլի հաղորդագրությունից, սակայն, պարզ չի դառնում` Վարդան Մինասյանն աշխատելու է միայն հավաքականո՞ւմ, թե համատեղության կարգով իր գործունեությունը շարունակելու է նաև «Փյունիկում»: Առավել հավանական է թվում երկրորդ տարբերակը: Բանն այն է, որ հավաքական թիմերում «Փյունիկի» խաղացողները մեծ թիվ են կազմում, և Վարդան Մինասյանը նաև ակումբում կարող է վերահսկել այդ ֆուտբոլիստների զարգացման գործընթացը` նկատի ունենալով ազգային թիմի հետաքրքրությունները:
Երկրորդ խնդիրը հետևյալն է. ըստ կանոնադրության` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն իրավասու չէ հավաքականի գլխավոր մարզիչ նշանակել: Նա կարող է միայն որևէ թեկնածություն առաջարկել, իսկ գործկոմն իր իրավասության շրջանակներում պետք է հաստատի կամ մերժի թեկնածությունը: Եվ եթե նույնիսկ նախնական քննարկումներ եղել են գործկոմի անդամների հետ, և հայտնի է նրանց դիրքորոշումը, միևնույն է, կանոնադրության պահանջները պետք է կատարվեն: Հավաքականի մարզիչը չի կարող նշանակվել ֆուտբոլային գերատեսչության ղեկավարի հրամանով: