25/02/2010 15:29
«Հրապարակ»` Հարավկովկասյան պետությունների խաչմերուկում
«Այլընտրանքային մեկնարկ» հարավկովկասյան ձևաչափի քաղաքացիական նախաձեռնությունը, որը վեցկողմյան հանդիպումներ է անցկացնում Երևանում, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հրապարակեց իր հայտարարությունը: Հայտարարության համաձայն` կազմակերպությունն առաջարկում է մեր տարածաշրջանում ստեղծել մի տարածք` «հրապարակ», որտեղ տարածաշրջանի երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ու քննարկումներ կկազմակերպվեն, ինչպես նաև կնախաձեռնվեն մի շարք հասարակական ու մշակութային միջոցառումներ:
«Այլընտրանքային մեկնարկ» կազմակերպության անդամ, «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գեորգի Վանյանի խոսքերով, կազմակերպությունը գործում է 2006 թ-ից` նախ եռակողմ ձևաչափով` Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ, ապա 2007 թ-ից վեցկողմյան ձևաչափով` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Հարավային Օսիայի, Աբխազիայի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Այս օրերի ընթացքում կազմակերպությունը քննարկումներ է իրականացնում` «նոր իրողությունների պայմաններում համաձայնեցնելու հեռանկարային գործողությունների ծրագիրը»:
Կազմակերպությունն առաջարկում է տարածաշրջանում առանձնացնել տարածք` հնարավորություն տալով, որպեսզի այնտեղ կառուցվի Հարավկովկասյան երկրների քաղաքացիների համար մի շինություն: Այդ տարածքում, նախաձեռնողների պատկերացմամբ, տարածաշրջանի երկրների քաղաքացիներն առանց լրացուցիչ խոչընդոտների ու վիզային ռեժիմի կարող են մուտք գործել և քննարկել արդիական խնդիրներ:
Կազմակերպության ներկայացուցիչները կոչ արեցին «առաջարկությանը շատ լուրջ վերաբերվել, քանի որ իրենք անհրաժեշտությունն ունեն աջակցության, օժանդակության, ինչպես նաև լայն հրապարակման»: Բացի այդ` նրանց համոզմամբ` առաջարկությունը շատ կոնկրետ է, իսկ դրա իրագործումը կարելի է սկսել մի հյուրանոցի կառուցմամբ:
Ըստ նրանց` այն «ձեռնտու է նաև միջազգային հանրության համար, քանի որ նրանք կարող են տնտեսել հսկայական գումարներ, որոնք ծախսվում են Հարավային Կովկասի հիմնախնդիրների վերաբերյալ այս կամ այն քննարկումը որևէ երկրում կազմակերպելու համար»:
«Այս նախաձեռնության նպատակն է հրավիրել Հարավային Կովկասի քաղաքացիների Կոնգրես, որովհետև, որպես կանոն, միշտ քաղաքացիները մնում են թիրախ-խումբ, շրջանցվում են, և նրանց խաղաղության պահանջը հնչելի չէ»,- ընդգծեց Գ. Վանյանն ու հավելեց, որ «սա այն ճանապարհն է, որը տանում է խաղաղության»:
Հայտնենք նաև, որ «Այլընտրանքային մեկնարկ» նախաձեռնության անդամները չհստակեցրեցին, թե Հարավային Կովկասում` «Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարածքների խաչմերուկում» այդ որտե՞ղ են պատկերացնում «քննարկումների հրապարակի» կառուցումը և ի՞նչ պայմաններով ու ինչպիսի՞ միջոցներով է դա իրականացվելու: Միևնույն ժամանակ նրանք վստահեցնում էին, որ իրենք պատրաստել են «ծրագրային մի մեծ փաթեթ, որը հետագայում կհրապարակեն»: