29/03/2010 11:23
Մանկական գրքի շաբաթ` Խնկո-Ապոր գրադարանում
Մարտի 29-ից ապրիլի 3-ը Երևանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կայանալու է մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ:
Ինչպես Aysor-ի հետ հեռախոսազրույցում նշեց Խնկո-Ապոր մանկական ազգային գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, Խնկո Ապոր գրադարանը դեռևս 80-ական թվականներից նշում է մանկական գրքի շաբաթը, իսկ 2001թ.-ից միջոցառմանը միացել է նաև Հայաստանի գրողների միությունը:
Ռուզան Տոնոյանը նշեց, որ երեխաների այցելությունը բավական ակտիվ է, և մեծացել է գրքի հանդեպ հետաքրքրությունը, որին նպաստել են վերջին շրջանում հրատարակչությունների կողմից մանկական գրականության տպագրումը:
Նշենք, որ այսօր գրադարանի ճեմասրահում նախատեսված է գրադարանում գործող ձեռքի աշխատանքի խմբակների սաների ստեղծագորությունների ցուցահանդես: Նախատեսված է նաև ցերեկույթ` նվիրված Ռոբերտ Շումանի 200-ամյակին, որը պատրաստել է Խնկո-Ապոր գրադարանի նոտաերաժշտական բաժինը:
Միջոցառումների շարքում նախատեսվում են հանդիպումներ մանկագիրներ Երվանդ Պետրոսյանի, Հենրիկ Սևանի հետ, նշվելու է նաև Շոպենի 200-ամյակը, Ռոբերտ Պետրոսյանի 80-ամյակը:
Չի շրջանցվել նաև հեքիաթների կախարդական և գույնզգույն աշխարհը. ապրիլի 2-ին ներկայացվելու են Անդերսոնի հեքիաթները, նախատեսված է կոլեկտիվ ունկնդրումների շարք` ձայնադարանի ֆոնդից: Կոտայքի մարզի գրադարանի հետ համատեղ քննարկվելու են նաև մանկապատանեկան ընթերցանության խնդիրները, ծրագրված են խաղ-մրցույթներ, հեքիաթաթերապիա: