07/04/2010 09:31
Սբ. Աստվածածնի ավետման և մայրության տոնն է
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է իր ամենակարևոր տոներից մեկը՝ Սբ. Աստվածածնի ավետումը: Գաբրիել հրեշտակի կողմից Սբ. Մարիամին Փրկչի Ծննդյան Ավետման մասին պատմվում է միայն Ղուկասի Ավետարանում (Տես Ղուկ. 1:26-38): Ըստ ավանդության, Գաբրիել հրեշտակապետը Սուրբ Մարիամին հայտնվում է այն ժամանակ, երբ նա կարդում էր Եսայու մարգարեության մի հատված, ուր խոսվում է Կույսից Փրկչի ծննդյան մասին, և մտածում էր, թե ո՞վ է արդյոք լինելու այդ երանելի Կույսը: Այս մասին տեղեկացնում է Հայ Առաքելական եկեղեցու Արարտյան թեմը:
Ավետարանիչը գրում է, որ հրեշտակը ողջունում է Սբ. Մարիամին և հայտնում. «Սուրբ Հոգին կգա քո վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզանից է ծնվելու, սուրբ է և Աստծու որդի կկոչվի»:
Սուրբ Մարիամը չէր կարող չկանխատեսել այն չարչարանքներն ու տառապանքները, որ հասնելու էին իրեն, սակայն նա, իր արարքով մարդկությանն աստվածային կամքին հնազանդության հրաշալի օրինակ ցույց տալով, ասում է. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»:
Սբ. Կույսի հղիությունն էլ սկսվում է հենց այն պահից, երբ նա արտաբերում է այս խոսքերը: Ավետարանի այս պատմությունը մեծապես արժևորում է մայրությունը և ընդհանրապես բարձր գնահատում կնոջ դերը մեր կյանքում:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ավետման տոնը հռչակվել է մայրության օրհնության օր: Հայաստանյայց առաքելական բոլոր եկեղեցիներում այդ օրն օրհնության կարգ է կատարվում:
Ապրիլի 7-ը Հայաստանի հանրապետությունում նշվում է որպես մայրության ու գեղեցկության օր: