30/04/2010 13:31
Լիլիթ Մկրտչյան. «Իմ քայլն անսպասելի էր մրցակցուհուս համար»
Նալչիկյան «Գրան Պրիի» չորրորդ տուրում արձանագրված բարձր արդյունավետությունը լրագրողներին հնարավորություն է տվել շփվել միանգամից երեք շախմատիստուհիների հետ, ովքեր խաղային այդ օրը կարողացել են հաղթել: Իր տպավորություններն է արտահայտել նաև Լիլիթ Մկրտչյանը:
- Այսօրվա պարտիան հենց սկզբից շատ հետաքրքիր էր,- Լիլիթ Մկրտչյանի խոսքերը մեջբերել է մրցաշարի պաշտոնական կայքը:- Սկզբնախաղում ես օգտագործեցի մի տարբերակ, որը զինվորի կորուստ է ենթադրում` նախաձեռնության և լավ կենտրոնի դիմաց: Կարծում եմ, որ իմ քայլն անսպասելի էր մրցակցուհու` Ժաո Քսյուի համար: Նա երկար էր մտածում: Դիրքը շատ բարդ էր. կողմերը խաղի զարգացման շատ տարբերակներ ունեին: Երկուսս էլ երկար մտածեցինք, և ես չկարողացա գտնել օպտիմալ տարբերակը: Այնուհետև խաղատախտակի վրա կրկին ամեն ինչ հավասարվեց, բայց ցայտնոտում մրցակցուհու հոգնածությունն զգացնել տվեց, և նա կոպիտ սխալ գործեց:
- Ինչպե՞ս եք տրամադրվում պարտիաներին: Ինչ-որ հատուկ միջոց կա՞:
- Երկար պատրաստվել չեմ սիրում: Կարևորն այն է, որ գլուխս թարմ լինի: Խաղից առաջ մի քիչ տեսական մարզում եմ անցկացնում, իսկ այնուհետև զբոսնում եմ և հանգստանում: Այստեղ ինձ շատ է դուր գալիս: Գերազանց վայր է, ինձ հիշեցնում է մեր Ջերմուկը, որտեղ, ի դեպ, կայանալու է «Գրան Պրի» շարքի հաջորդ մրցաշարը:
- Լիլիթ, ճի՞շտ է, որ Դուք սովորել եք տղամարդկանց նալչիկյան մրցաշարի հաղթող Լևոն Արոնյանի հետ միասին:
- Այո, մենք համակուրսեցիներ ենք: Լևոնը, որպես օժտված շախմատիստ, զբաղվում էր ազատ գրաֆիկով, սակայն լավ էր սովորում: Իսկ խաղատախտակի առջև իրար դեմ երբեք չենք նստել:
- Ի՞նչ եք կարծում, Լևոնն աշխարհի չեմպիոն կդառնա՞:
- Բոլոր հայերն էլ դրա հույսն ունեն: