07/05/2010 09:43
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալն ընդունել է Ժակ Մոնտանոյին
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը մայիսի 6-ին ընդունեց Ֆրանսիայի Վառ մարզի Արհեստների պալատի նախագահ Ժակ Մոնտանոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Արհեստների պալատի փոխնախագահ Ժերար Պելատին, Վառ մարզի հայկական համայնքի ներկայացուցիչ Ժան Հեքիմյանը և այլք: Ինչպես հաղորդում են ՀՀ սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ներկա էր նաև Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը:
Ողջունելով հյուրերին` Ս.Պետրոսյանն իր գոհունակությունն արտահայտեց ֆրանսիական Վառ մարզի Արհեստների պալատի և Սպիտակ քաղաքի միջև ծավալված ակտիվ համագործակցության առթիվ` հույս հայտնելով, որ այդ համագործակցությունն ապագայում կընդգրկի առավել լայն շրջանակներ:
Հանդիպման ընթացքում խոսվեց Հայաստանում Արհեստների պալատ ստեղծելու անհրաժեշտության մասին, ինչը կօգնի ձեռնարկատիրական գործունեություն ծավալող գործարարներին` առավել արագ և արդյունավետ լուծելու իրենց խնդիրները:
Փոխնախարարը կարևորեց Հայաստանում Արհեստների պալատի ստեղծման գործընթացում ֆրանսիական փորձի ուսումնասիրության անհրաժեշտությունը և հույս հայտնեց, որ հյուրերն ակտիվ գործունեություն կծավալեն նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Պարոն Ս.Պետրոսյանը հյուրերին նվիրեց ՀՀ սփյուռքի նախարարության հրատարակած գրքերից, իսկ Ժակ Մոնտանոն նախարարությանը հանձնեց հայ-ֆրանսիական արհեստների պալատի խորհրդանշական առաջին քարը: