08/05/2010 13:12
Պ.Հայրիկյան. «Հրաշք էր նման իրավիճակում հաղթելը»
«Շուշիի հաղթանակը եկել էր մթագնելու նախորդ պարտությունները և ամրապնդել հրաշքով բոլոր դժվարությունները հաղթահարելու կարողության հանդեպ հավատը», - Aysor-ի թղթակցի հետ զրույցում Շուշիի ազատագրման 18-ամյակի առթիվ ասաց ԱԻՄ առաջնորդ, նախկին խորհրդարանական Պարույր Հայրիկյանը:
«Հրաշք էր նման իրավիճակում հաղթելը. այն հավատ, վճռականություն նաև փորձառություն էր պահանջում»,- ասաց նա և հավելեց. «Շուշիի ազատագրումը ցույց տվեց, որ այն երկնային գործերի ճշմարտության հողի վրա էր կանգնած»:
Բանախոսը նկատեց, որ Շուշիի ազատագրման ժամանակ թևեր առավ հոգևոր զարթոնքը, հիշեցնելով, որ քաղաքը ազատագրվեց խաչակիր զինվորների կողմից: Նա կարևորեց նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի դերը Շուշիի հաղթանակի կապակցությամբ, հիշեցնելով, որ Արցախի հոգևոր առաջնորդի հրամանով բերդաքաղաքի ազատագրման գործողությունների մեկնարկի օրը` մայիսի 8-ին Ստեփանակերտից հեռացվել էր Լենինի արձանը: «Շատ խորհրդանշական երևույթներ կան, որոնք շատ կարևոր էին այն ժամանակ»,-ասաց նա:
Պ.Հայրիկյանը միայն ափսոսնք հայտնեց, որ Շուշիի ազատագրմանը չհաջորդեց նաև Նախիջևանի ազատագրումը: «Մենք բաց թողեցինք պատմականորեն մեզ ընձեռնված այդ պահը»,- ասաց նա, նշելով, որ այդ քայլին չկարողացան ժողովրդին ուղղել այն ժամանակվա Հայաստանի իշխանությունները:
Պ.Հայրիկյանը Շուշիի ազատագրման 18-ամյակի առթիվ մաղթեց հայությանը միասնականություն և առողջ ազգային ինքնագիտակցություն, «որը կհուշի մյուս քայլերն ու կդառնա մյուս հաջողությունների նախապայման»:
«Թող հայերը նաև մոռանան «Ղարաբաղ» բառը և ասեն միայն «Արցախ», քանի որ «ղարաբաղցի» ասելը թուրքացում է նշանակում»,- հավելեց Պարույր Հայրիկյանը:
Հիշեցնենք, որ 1992 թվականի մայիսի 9-ին Արցախի Ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի` Կոմանդոսի, ղեկավարությամբ ազատագրվեց հայոց բերդաքաղաք` Շուշին: 2500 ադրբեջանցի զինվորների կողմից պաշտպանվող քաղաքաբերդի գրավումը տեղի ունեցավ 40 կմ երկարությամբ ճակատում ընդամենը 3500 զինվորի մասնակցությամբ, այն դեպքում, որ, ըստ ռազմական փորձագետների` հարձակվող կողմը պետք է ունենա պաշտպանվող կողմից նվազագույնը 3 անգամ շատ զինվոր: