18/05/2010 11:42
18 տարի առաջ ազատագրվեց Բերձորը
18 տարի առաջ` 1992 թվականի այս օրը ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները մտան Լաչին /այժմ Բերձոր, Քաշաթաղի շրջան/` դրանով իսկ ճեղքելով եռամյա շրջափակման օղակը:
1992 թվականի մայիսի 9-ին Շուշիի ազատագրումից և մերձակա տարածքների կրակակետերի վերացումից հետո Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի առջև խնդիր դրվեց բացել Շուշի-Լաչին-Զաբուխ` կենսական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհը: Դա թույլ կտար վերացնել Արցախի շրջափակումը և ապահովել բնականոն կենսագործունեությունը:
Մայիսի 18-ին ռազմական գործողությունների ընթացքում ձևավորվող ղարաբաղյան բանակի ստորաբաժանումները մտան Լաչին, իսկ արդեն մայիսի 20-ին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով ստեղծված միջանցքով ԼՂՀ մայրաքաղաք հասցվեց հարյուրավոր տոննա մարդասիրական բեռ` սննդամթերք, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ: Այս ճանապարհն ստացավ «Կյանքի ճանապարհ» անվանումը:
Շուշի-Լաչինի ռազմագործողություններից հետո հակամարտության գոտում լարվածությունը որոշ չափով նվազեց: Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի-Լաչին ռազմավարական օպերացիայի տրամաբանական ավարտը: