26/05/2010 20:25
«Եթե մայիսի 28-ը չլիներ, ապա այսօր Հայաստանը չէր լինի»
Այսօր լրագրողների հետ հանդիպեց ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Նա ասաց, որ եթե չլիներ մայիսի 28-ը, չէին լինի ոչ միայն այժմյան` երրորդ հանրապետությունը, այլև` Խորհրդայինը: Ըստ Ա. Վիրաբյանի` մեկը մյուսի ժառանգորդն է:
«Մենք շուրջ 900 տարի այս տարածքում չենք ունեցել պետականություն, որի վերականգնումը հսկայական նշանակություն ունեցավ մեր պատմության համար: Եթե մայիսի 28-ը չլիներ, ապա այսօր Հայաստանը չէր լինի: Այն կիսվելու էր Վրաստանի և Ադրբեջանի միջև, քանի որ Ադրբեջանը պահանջում էր ոչ միայն Ղարաբաղը, այլև` Զանգեզուրը, Նախիջևանը, իսկ Վրաստանը` ամբողջ Լոռին»,- ասաց Վիրաբյանը` նշելով, որ մինչ 1918 թ-ը Հայասատան անունը չկար, կար Երևանի նահանգը:
Ի դեպ, Ազգային արխիվը` հուլիսի 5-ից` Սահմանադրության 15-ամյակի կապակցությամբ, կազմակերպելու է «մեկը մյուսին փոխարինող», երեք հանրապետությունների շարունակականությանը նվիրված ցուցահանդես: