28/05/2010 17:53
Նախագահ Ս. Սարգսյանի ուղերձը` Հանրապետության տոնի կապակցությամբ
Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի կապակցությամբ: Դիմելով ողջ հայ ժողովրդին, նա ասաց.
«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ: 92 տարի առաջ, տևական խզումից հետո իր պատմական տարածքի մի փոքր հատվածում հայ ժողովուրդը հռչակեց իր անկախությունը: Ո՞վ էր հայը մինչև 1918 թվականի մայիսի 28-ը: Նա զոհ էր, գաղթական, կապիտալիստ, առևտրական, խմբագիր, զորավար, բանաստեղծ, շինական, գիտնական և այլն: Նա ամեն ինչ էր, բայց քաղաքականապես` գրեթե ոչինչ: Մայիսի 28-ին հայը դարձավ պետության քաղաքացի: Գիտակցության նման հեղափոխումը բնականաբար մեկ օրում չի կատարվում: Ասվածի վկայությունն է այն փաստը, որ մեր օրերում էլ կան մարդիկ, ովքեր դեռ չունեն պետության քաղաքացի լինելու գիտակցությունը, չեն զգում դրա ուժն ու պատասխանատվությունը:
Մայիսի 28-ի սխրանքը, իմ համոզմամբ, առաջին հերթին կատարվեց մեր գիտակցության մեջ և սրտերում: Այն նախապատրաստվել ու հասունացել էր դարերի ընթացքում` մեր ժողովրդի անհավասար պայքարով ու դառը փորձով: Վերջապես այն պսակվել էր 1918 թվականի մայիսյան հաղթանակներով, որոնք եկան վերահաստատելու անմարդկային զրկանքներ տեսած ու վերապրած ժողովրդի ապրելու կամքը: Ապրել ազատ, ապրել արժանապատիվ: Ապրել ոչ թե չմեռնելու, գոյություն քարշ տալու, այլ առաջընթացի համար, ապրել համաշխարհային քաղաքակրթության զարգացմանը համաքայլ:
Սա մի նոր ծննդյան օր էր, ավելի ճիշտ, քաղաքական վերածնունդ, որին, պետք է խոստովանել, մեր հասարակության մեջ պատրաստ էին ոչ բոլորը: Ոմանք մայիսի 28-ն ընկալեցին որպես մեկուսացում: Բայց հենց այստեղ են մայիսի 28-ի ամենակարևոր դասերը:
Դաս առաջին. ոչ ոք աշխարհում պարտավոր չէ կռվել քեզ համար և քո փոխարեն: Քո ընտանիքի, ազգի, երկրի պաշտպանությունն անձամբ քո գործն է և քո նվիրական պարտքը: Օտար ուժերին ապավինելն ու բոլոր հույսերն այլոց հետ կապելը նշանակում է լինել ոչ իրատես, ի վերջո` կործանվել:
Դաս երկրորդ. ոչ ոք պարտավոր չէ քո փոխարեն հաստատել պետականություն: Իհարկե, երկու դեպքում էլ կարող են լինել դաշնակիցներ, սակայն այդ սխրագործությունները դու պարտավոր ես պատրաստ լինել կատարելու մենմենակ:
Դաս երրորդ. պետական կառույցներ ձևավորած ժողովրդի նկատմամբ կարելի է տանել առանձին հաղթանակներ, բայց անհնար է իրականացնել ցեղասպանություն: Ահա թե ինչու Արևելյան Հայաստանի համար մայիսի 28-ը նոր ծննդյան օր է:
Դաս չորրորդ. հայ ժողովուրդն ի վիճակի է լուծել իր առջև դրված ամենաբարդ, երբեմն անհնար և երևակայական թվացող խնդիրները: Հայ ժողովուրդն ուղղակի անպարտելի է, եթե աշխարհին ներկայանում է միասնական ճակատով: Եթե հայության բոլոր հատվածները, բոլոր խավերն ու քաղաքական ուժերը գործում են համաձայնության, փոխլրացման մթնոլորտում, եթե երկրի ներսում չկա հինգերորդ շարասյուն, մենք անպարտելի ենք:
Դաս հինգերորդ. պետք է հավատալ հայ ժողովրդի ունակություններին, հավատալ նրա կռվելու, կառուցելու, մտածելու, արարելու մեծ հնարավորություններին: Այսօր քչերն են հիշում, թե ինչ հուսահատական տրամադրություն էր իշխում Ղարաքիլիսայում հերոսամարտից ընդամենը մի քանի օր առաջ: Գաղթականության թշվառ տեսարանները խեղճացրել ու բարոյալքել էին նույնիսկ զինվորներին, որոնք արդեն դիմում էին դասալքության: Իսկ հաղթանակից հետո ոմանք չէին հավատում իրենց աչքերին, չէին հավատում, որ իրենք հաղթել են:
Այսօր էլ մեր շուրջ կան մարդիկ, ովքեր չեն հավատում, թե Հայաստանը կարող է ունենալ եվրոպական զարգացած երկրին վայել բարեկեցություն, օրինապահություն, ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կրթություն, գիտություն, առողջապահություն, սպորտ և այլն: Մայիսի 28-ը մեզ հուշում է, որ թերահավատությամբ հեռու չես գնա, զոհի, թերարժեքության բարդույթով, աշխարհից խռովածի, բողոքավորի սուգ ու շիվանով հեռու չես գնա, առանց պետական մտածելակերպի, քաղաքացիական պահանջկոտության ու պատրաստակամության, առանց քո երկրի հանդեպ մեծ հավատի հեռու չես գնա:
Իսկ մենք պատրաստվում ենք շատ հեռու գնալ, որովհետև մեր թիկունքում ունենք մայիսի 28, որովհետև շատ հեռվից ենք գալիս:
Կրկին շնորհավորում եմ այս մեծ տոնի կապակցությամբ: Մայիսյան հերոսամարտերի նահատակներն իրենց արյունով են շաղախել մեր երկրի հիմնաքարերը: Երկիր, որ կոչվեց Հայաստանի Հանրապետություն և մեզ տվեց անձնագիր` բառի ուղղակի և փոխաբերական իմաստով: Մաղթում եմ բոլորիս խաղաղություն, հաջողություն, որ մենք բարեբախտություն ունենանք այսուհետ դարեր շարունակ հպարտությամբ ու արժանապատվությամբ կրելու այդ անձնագիրը:
Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը, և փա՜ռք հայ ժողովրդին»: