01/06/2010 17:16
Ստոկհոլմում կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված սեմինար
Մայիսի 31-ին Ստոկհոլմում կայացել է Միջազգային իրավունքի ասոցիացիայի շվեդական մասնաճյուղի կազմակերպած սեմինարը «Ցեղասպանություն Օսմանյան կայսրությունում 1915 թվականին. կենդանի պատմություն, իրավական խնդիրներ, վաղեմության իրավունք և պատասխանատվություն» խորագրով:
Սեմինարը նախագահել է Միջազգային իրավունքի փորձագետ և Շվեդիայի Միջազգային իրավունքի ասոցիացիայի նախագահ Օվե Բրինգը: Միջոցառմանը մասնակցել է և ելույթով հանդես եկել Շվեդիայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը, Դունդեի համալսարանի Միջազգային իրավունքի պրոֆեսոր Կաջ Հոբերը և պատմաբան ու Armenica.org կայքի գլխավոր խմբագիր Վահագն Ավետյանը, ինչպես նաև` շուրջ 50 մասնակիցներ, ներառյալ Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչներ, Շվեդիայի Մարդու իրավունքների ասոցիացիայի անդամներ, գիտնականներ, ինչպես նաև` հայկական, թուրքական և ասորական համայնքների ներկայացուցիչներ:
Դեսպան Այվազյանը, ներկայացնելով Ցեղասպանության պատմությունը, անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և ցյուրիխյան արձանագրություններին, դրանց վավերացման կասեցման պատճառներին:
Պրոֆեսոր Հոբերը հակիրճ ներկայացրել է միջազգային իրավունքում վաղեմության վերաբերյալ իր ուսումնասիրությունները: Բացատրելով, որ շատ բարդ կլինի կանխատեսել Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսական նախադեպի հավանականությունը կամ արդյունքը` պրոֆեսորը մատնանշել է, որ ելնելով իրադարձությունների բնույթից, այդ հարցը կարող է հետագա քննության համար ներկայացվել միջազգային դատական կառույցներ, օրինակ` Միջազգային քրեական դատարան:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են, որ Վահագն Ավետյանի ելույթը նվիրված է եղել պետական ինքնությանը, իրավահաջորդությանը և պատասխանատվությանը: Նրա ներկայացմամբ կան խելամիտ հիմքեր Թուրքիայի Հանրապետության ժխտողական քաղաքականությունը տանելու դեպի հավանական լիբերալ պատասխանատվության, որով նախատեսվում է նաև Ցեղասպանության պաշտոնական ճանաչում Թուրքիայի կողմից: