02/06/2010 18:20
«Արարատից Սիոնը»` կինոթատրոնի լիդեր
««Արարատից Սիոն»-ը մեր կինոթատրոնի ֆիլմերի լիդերն է, որն անգամ հաղթեց «Ավատար»-ին` թե’ ֆինանսական առումով, թե’ հանդիսատեսի քանակով»,- հայտնեց «Մոսկվա» կինոթատրոնի գլխավոր տնօրեն Մորտուն Ադոյանը:
Նշենք, որ ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել մայիսի 5-ին: Հայաստանում ֆիլմի ցուցադրությունը հովանավորվել է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության կողմից: Հարկ է նշել նաև, որ նախատեսված 2 շաբաթվա փոխարեն` ֆիլմը ցուցադրվում է շուրջ 1 ամիս և կցուցադրվի ևս 2 շաբաթ:
Մ. Ադոյանը նշեց, որ մայիս ամսին կինոթատրոնն ունեցել է շուրջ 20 000 հանդիսատես. «Արարտից Սիոն» ֆիլմը դիտել են հանդիսատեսի ընդհանուր թվի 92 տոկոսը:
«Կոնկրետ իմ աշխատելու ժամանակահատվածում չեմ տեսել ու չեմ լսել, որ որևէ վավերագրական ֆիլմ երբևէ նման հաջողություններ ունենա: Սա խոսում է ֆիլմի գեղարվեստական բարձր արժանիքի մասին»,- ընդգծեց կինոթատրոնի տնօրենը:
Այս առիթով ֆիլմի պրոդյուսեր և սցենարի հեղինակ տեր Մեսրոպ քահանա Արամյանը հայտնեց, որ ֆիլմի ստեղծման աշխատանքներում ներդրումներ կատարած ընկերությունները գրանցված հաջողություններից հետո, «իրենք են ցանկանում, որ նմանօրինակ ֆիլմերի ստեղծման գործընթացը շարունակական լինի, և հայ ազգն աշխարհին ներկայանա այնպես, ինչպես ներկայացնում է «Արարատից Սիոն» ֆիլմը:
Նա հայտնեց նաև, որ ֆիլմը շարունակություն կունենա, մինչդեռ վաղ է ասել, թե ինչպիսին այն կլինի: