02/06/2010 11:56
Սաթխայում նշեցին թուրքերի դեմ տարած հաղթանակի օրը
Վրաստանի Նինոծմինդա շրջանի Սաթխա գյուղում առանձնահատուկ կերպով են նշում հունիսի 1-ը: Ինչպես լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց պատմական գիտությունների թեկնածու, գրող Արտյուշ Սանոսյանը` «Ախլցխայի հայությունը հերոսաբար պաշտպանել է այս տարածքները տեղական մեսխեթի թուրքերից ու եկվոր թուրքերից, և հունիսի 1-ը պաշտպանների տված վերջին ճակատամարտի օրն է»:
Ա. Սանոսյանը, ով 1918 թ-ին Ջավախքում տեղի ունեցած իրադարձությունների մասին նաև գիրք է հրատարակել, պատմեց, որ 1917 թ-ի դեկտեմբերի 5-ին` Թուրքիայի հետ զինադադարի պայմանագիր կնքելուց հետո, ռուսական զորքերը սկսել են հեռանալ ռազմաճակատից` Նինոծմինդա շրջանից, իսկ հայերն ու վրացիները մնացել են մենակ` թուրքական հզոր բանակի դեմ, որը որոշ ժամանակ անց հարձակում է գործել` նպատակ ունենալով նվաճել ամբողջ Անդրկովկասը: Հենց այս հարձակումը կանխել են Սանթխայի, Ախալքալակի, ողջ Ջավախքի հայերը, որոնց միացել են նաև տեղի վրացիները, և Սաթխայում մի քանի անգամ թշնամուն պարտության մատնելուց հետո` թուրք հրոսակներին հեռանալ են տվել տարածաշրջանից:
«Այսօր Սաթխայի հերոսական ինքնապաշտպանության մասնակիցների պատվին է, որ միջոցառումն անցկացվում է»,- ընդգծեց Ա. Սանոսյանն ու նշեց, որ հունիսի 1-ն առաջին անգամ այստեղ տոնվել է 1998 թ-ին, երբ ՀՀ նախկին վարչապետ, Վազգեն Սարգսյանի հրամանով Հայկական բանակից պատվիրակություն է ժամանել Սաթխա` Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, իսկ 2003 թ-ից սկսած տոնը նշվում է յուրաքանչյուր տարի:
Ա. Սանոսյանի խոսքերով` հայերի հերոսական այս պատմության մասին ինքը տեղեկացրել է նույնիսկ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն, որ մի քանի անգամ տարբեր ամբիոններից հայտարարել է Վրաստանում ապրող հայերի հերոսությունների մասին, բարձր է գնահատել հայերի ներդրումը` Վրաստանի տարածքային ամբողջականությունն անխախտ պահելու գործում:
Միջոցառման կազմակերպիչ, ԱԺ պատգամավոր, «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հայկ Սանոսյանն իր հերթին հայտնեց, որ միջոցառման հիմնական նպատակն է «պրոպագանդել մեր ժողովրդի մայիսյան հերոսամարտերը, որոնք տեղի են ունեցել ոչ միայն Սարդարապատում, Բաշ-Ապարանում ու Ղարաքիլիսայում, այլև` Ախլցխայում, Ախալքալաքում և Սաթխա գյուղում»:
«Ներկայում ապրելով և ապագային նայելով` մենք պետք է անպայման հիշենք անցյալն ու ամենուր, հատկապես երիտասարդների շրջանում, նշենք, քարոզենք մեր պապերի հերոսությունների մասին, ասենք, որ մեր պապերն իրենց հողի համար կռվել ու պայքարել են»,- ընդգծեց Հ. Սանոսյանն ու հավելեց, որ «միջոցառման նպատակն է նաև երիտասարդների հերոսական ոգին միշտ բարձր պահելը»:
Տեղեկացնենք, որ միջոցառումների մեկնարկը տրվեց ձիարշավով, ապա ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին Նինոծմինդա շրջանի հոգևոր առաջնորդ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը, գրող Արտյուշ Սանոսյանը, պատգմավոր Հայկ Սանոսյանը և այլոք, որից հետո ներկաների համար Երևանի երգի-պարի պետական թատրոնից ժամանած ուսանողները երաժշտական կատարումներ նվիրեցին: Օրվա ընթացքում անցկացվեց նաև ֆուտբոլի մրցույթ:
Նշենք նաև, որ տոնական մթնոլորտն առկա էր Ախալքալակի բոլոր հայկական բնակավայրերում: Ակնհայտ էր նաև, որ միջոցառմանը ներկաներն առաձնահատուկ կերպով են սպասում ու պատրաստվում այս օրվան: