02/06/2010 17:15
«Ազգային պատկերասրահ» միջազգային փառատոնն ավարտված է
Ապրիլի 21-ից հունիսի 2-ը մեկնարկել էր «Ազգային պատկերասրահ» Միջազգային Երաժշտական վեցերորդ փառատոնը, որի շրջանակներում երաժշտասեր հանրությանն է ներկայցվել 7 համերգ Հայաստանի տարբեր մարզերում, Ռուսաստանում, Սլովենիայում, Շվեդիայում:
Փառատոնի կազմակերպիչները նշեցին, որ իրենց հիմնական նպատակը Հայաստանում ճանաչում ունեցող հայ և օտարազգի տաղանդաշատ երաժիշտ- կատարողների, նվագախմբերի կատարմամբ հայ և համաշխարհային դասական երաժշտարվեստի ներկայացումն է:
«Դասական երաժշտության պրոպագանդման, հայ կոմպոզիտորական և կատարողական արվեստի վերջին ձեռքբերումները ներկայացնելու հետ մեկտեղ` այն նաև խնդիր ունի հասարակության լայն շերտերին ծանոթացնելու Հայաստանի ազգային պատկերասրահի գործունեությունը»,- ասաց «Արվեստների պատկերասրահ» Մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը:
«Ազգային պատկերասրահ» Միջազգային Երաժշտական վեցերորդ փառատոնի շրջանակներում ելույթ են ունեցել Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախումբը, Պետական Կամերային Նվագախումբը, «Դոմինատուս Վոքս» նվագախումբը և բազմաթիվ այլ անհատ կատարողներ` տարբեր երկրներից ժամանած:
Ինչպես նշեց Մարիամ Շահինյանը, եթե նախորդ տարիներին իրենք էին միջազգային ճանաչում ունեցող մասնագետներին խնդրում մասնակցել իրենց փառատոնին, ապա այժմ, տարբեր աղբյուրներից տեղեկանալով, երաժիշտներն իրենք են իրենց մասնակցությունն առաջարկում փառատոնին` օրինակ` Շվեդիայից ժամանած ջութակահար Հյուգո Տիչիատին և այլոց:
Թավջութակահար Արամ Թալալյանի խոսքերով, ներկայումս հասարակությունը այդքան էլ հետաքրքրված չէ դասական երաժշտությամբ. «Մենք հուսով ենք, որ նմանատիպ փառատոնները կնպաստեն, որ հետաքրքրություն առաջանա մշակույթի հանդեպ: Շատ հաճախ այդ հետաքրքրությունը չկա, քանի որ մարզերում երաժշտական գործիք կամ համապատասխան մասնագետներ չկան»:
Ի դեպ, «Ազգային պատկերասրահ» Միջազգային Երաժշտական վեցերորդ փառատոնի հանդիսավոր փակումը` «Երախտիքի համերգը», նվիրվում է հայ մեծանուն կոմպոզիտորներ Գագիկ Հովունցի 80, Ղազարոս Սարյանի 90 և Ալեքսանդր Հարությունյանի 90-ամյա հոբելյաններին: