02/06/2010 19:27
«Նպատակն է Հայաստանում վերականգնել ռոբոտաշինությունը»
Այսօր երեկոյան Սիրահարների պուրակում հետաքրքրասեր հանրության ուշադրության ներքո մեկնարկեց «Ական փնտրող ռոբոտ» մրցույթը: Հիշեցնենք, որ այն նախապես ծրագրվում էր անցկացնել Շուշիում մայիսի 9-ին, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգվեց և պետք է անցկացվեր մայիսի 28-ին Երևանում, բայց մրցույթը կրկին հետաձգվեց` այս անգամ անձրևի պատճառով:
Այժմ մրցույթի մասնակից 8 թիմերի նախագծած և պատրաստած ռոբոտները փնտրում են ականապատված դաշտում հողի տակ պահված ականները և սերվերին ուղարկում են դրանց դասավորությամբ քարտեզը: Ականներն ունեն ձայնային ազդանշան, որով պարզ է դառնում` ռոբոտը պայթել է, թե ոչ: Ռոբոտը պետք է ունենա սահմանափակ քաշ և չափեր (չափերը 30×30սմ, քաշը 10 կգ): Հաղթող կճանաչվի այն թիմը, որն իր առջև դրված խնդիրը կլուծի նվազագույն ժամանակում, նվազագույն սխալներով:
«Այս մրցույթը լուրջ տեխնոլոգիական բարդություն է ներկայացնում, բազմաթիվ տեխնոլոգիական ֆակտորների համադրում է: Նպատակն է Հայաստանում վերականգնել ռոբոտաշինութունը: Դրա համար հարկավոր է մասնագետների մեծ քանակ, ինչի համար էլ հարկավոր է երիտասարդների հետաքրքրվածություն, ինչն էլ խթանում են նման մրցույթները»,- լրագրողներին ասաց մրցույթի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Նա հույս հայտնեց, որ մի քանի տարի հետո կարելի կլինի այս ոլորտում բիզնես հաջողություններ արձանագրել և ուժային կառույցներն ու արտասահմանյան ընկերությունները կպատվիրեն ռոբոտներ:
«Արդյունաբերության սկիզբ է դրվում, բայց ժամանակ է հարկավոր անիվը թափ հավաքելու համար: Արագ արդյունքներ չեն լինում: Դրանք ձևականություն են»,- ասաց Կ. Վարդանյանը`միաժամանակ շեշտելով, որ թիմերը շատ բարդ սարքեր են ներկայացրել:
Ժյուրիի նախագահն է «Հուրնեթ» ընկերության ղեկավար Արթին Մելիքյանը: Հաղթող թիմերը կստանան դրամական մրցանակներ: Առաջին տեղի մրցանակը կազմում է 300 հզ. դրամ, երկրորդը` 200 հզ., իսկ երրորդը` 100 հզ. դրամ: Մրցանակները կհանձնվեն Դիջիթեք բիզնես ֆորումի ժամանակ հունիսի 9-ին:
Հիշեցնենք, որ ԻՏՁՄ-ն 2008թ-ից է սկսել կազմակերպել Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնությունը /ArmRobotics/, որի նպատակն է համախմբել երիտասարդ գիտնականներին, ներգրավել սփյուռքի գիտական ներուժը, երիտասարդների մոտ զարգացնել թիմային մտածելակերպը և աշխատանքը, խթանել նոր տեխնոլոգիաների մուտքը Հայաստան: