15/06/2010 09:31
Հայաստանի Հանրապետության պետական դրոշի օրն է
Այսօր առաջին անգամ Հայաստանը տոնում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշի օրը: ՀՀ դրոշն ընդունվել է երկրի Գերագույն խորհրդի կողմից 1990 թվականի օգոստոսի 24-ին, իսկ 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» գործող օրենքը:
ՀՀ դրոշի տոնին նվիրված տոնախմբությունը նախատեսվում է անցկացնել մի քանի միջոցառումների տեսքով, սակայն կարևորագույն միջոցառումը «Մենք» հիմնադրամի կողմից կազմակերպված քայլերթն է, որը կմեկնարկի այսօր, 19:00-ին ՀՀ Կառավարության շենքի դիմացից: Քաղաքացիական շքերթն անցնելու է` Նալբանդյան փողոցով, Սայաթ Նովա պողոտայով, Օպերայի շենքի հարևանությամբ գտնվող Ֆրանսիական հրապարակով և Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով մուտք է գործելու կրկին Հանրապետության Հրապարակ:
Ինչպես հայտնում են «Մենք» հիմնադրամից, քանի որ այս տարի իրականացվում է ՀՀ պետական դրոշի տոնի անդրանիկ միջոցառումը, ապա այն կկենտրոնացվի միայն Երևան քաղաքի տարածքում:
«Մարզերի բնակիչները ևս կարող են պարզապես միանալ մայրաքաղաքային միջոցառումներին: Իսկ հաջորդ տարիներին կընդլայնվի և միջոցառումների աշխարհագրությունը», - նշում են կազմակերպիչները: