15/06/2010 20:19
ՀԱԿ ակտիվիստների գործերի նախաքննությունն ավարտվել է
Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի մասով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում իրականացված նախաքննությունն ավարտվել է, իսկ «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Անի Գևորգյանի մասով գործն անջատվել է առանձին վարույթ և նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք` Անի Գևորգյանը մեղադրվում է ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ Ազատության հրապարակին հարող տարածքում նա ոստիկանության աշխատակից Համբարձում Բոքսյանի կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել:
Նախաքննությամբ պարզվել է, որ Դավիթ Քիրամիջյանը մայիսի 31-ին Մ.Սարյանի արձանի հարակից տարածքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և հասարակության նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, հավաքված բազմության ներկայությամբ տևական ժամանակով վիճաբանել է պատահական անցորդ, իր ընկալմամբ ոստիկանության աշխատակից հանդիսացող Վարազդատ Թադևոսյանի հետ: Այդ ընթացքում մի խումբ անձանց հետ հայհոյանքներ է տվել և բռնություն գործադրել Վարազդատ Թադևոսյանի նկատմամբ` ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին: Մայիսի 31-ին Դավիթ Քիրամիջյանը ՀՀ քր. դատ. օր-ի 129 հոդվածի կարգով ձերբակալվել է, իսկ 2010թ. հունիսի 3-ին ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քր. օր-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Այժմ նա կալանավորված է:
Ինչ վերաբերում է Սարգիս Գևորգյանին, ապա պարզվել է, որ Սարգիս Գևորգյանը մայիսի 31-ին Սարյանի արձանի մոտակայքում Դավիթ Քիրամիջյանի մասնակցությամբ կազմակերպված խուլիգանական գործողություններում կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ, իր ծառայողական պարտականությունները կատարող` ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Արկադի Բաղդասարյանի նկատմամբ, այն է` քաշքշել է նրան և պոկել ուսադիրը: Նկարագրված հանցագործությունը կատարելու համար Սարգիս Գևորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: