19/06/2010 18:56
Նախագահ. Ադրբեջանի տմարդի գործողությունն անընդունելի է
Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի 300-ամյակի միջոցառումների շրջանակում այսօր ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ այցելել է Սանկտ Պետերբուրգի համալսարան:
Համալսարանի ռեկտոր Նիկոյալ Կրոպաչյովը նախագահներ Սարգսյանին և Մեդվեդևին պատմել է համալսարանի զարգացման գործում հայ գիտնականների ունեցած մեծ ներդրման մասին:
Նախագահներն այնուհետև ներկա են գտնվել Երևանի և Սանկտ Պետերբուրգի պետհամալսարանների միջև համագործակցության ծրագրի ստորագրման և համալսարանի ականավոր գիտնականների դիմանկարների սրահում Վիկտոր Համբարձումյանի և Արմեն Թախտաջյանի դիմանկարների բացման արարողություններին: Նախագահները եղել է նաև Հովսեփ Օրբելու առաջիկայում կառուցվելիք հուշարձանի հիմնաքարի մոտ:
Այնուհետև, համալսարանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ու ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևը կարճատև առանձնազրույց են ունեցել, որի ավարտին ՀՀ Նախագահը լրագրողների խնդրանքով անդրադարձել է Ադրբեջանի և ԼՂՀ ՊԲ շփման գծում ադրբեջանական զինուժի կազմակերպած վերջին սադրանքին:
Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Երեկ ուշ երեկոյան ինձ զանգահարել են և զեկուցել, որ Ադրբեջանի զինված ուժերը գործողություններ են նախաձեռնել և փորձել են ներթափանցել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքեր: Պաշտպանության բանակի հակազդեցության արդյունքում ադրբեջանցիների մտադրությունները, բնականաբար, չեն իրականացվել, ձախողվել են: Նրանք հանցագործության վայրում թողնելով զոհ ու կրելով կորուստներ` հետ են քաշվել իրենց դիրքեր: Ցավոք, կորուստներ ենք ունեցել նաև մենք, և ես իմ ցավակցություններն եմ հայտնում մեր զոհված չորս զինվորների ընտանիքներին, նրանց բարեկամներին ու հարազատներին: Հասկանալով հանդերձ, որ նրանց վիշտը հնարավոր չէ ամոքել, բայց միաժամանակ, մեր ուշադիր վերաբերմունքով ու նաև Լեռնային Ղարաբաղի պետականությունն ու մեր ժողովրդի անվտանգությունն ամրապնդելով մենք կարող ենք սփոփել նրանց վիշտը:
Սադրանքները միշտ էլ անընդունելի են: Բայց այս տմարդի գործողությունը հատկապես անընդունելի է, որովհետև այն տեղի ունեցավ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ անցկացված եռակողմ հանդիպումից ժամեր անց: Այս փաստը մեկ անգամ ևս խոսում է այն մասին, որ համանախագահները, ներգրավված երկրները մտածելու բան ունեն: Ռազմատենչ հայտարարությունները, սադրանքները մնալով անպատիժ, չեմ ասում` անպատասխան, միշտ կարող են հանգեցնել այսպիսի կամ շատ ավելի վատ հետևանքների: Ես համարում եմ, որ այսպիսի վերաբերմունքը անհարգալից վերաբերմունք էր նաև համանախագահների նկատմամբ:
Մենք շատ գիտակցված ենք գնում բանակցությունների, և մեր նպատակը շատ հստակ է: Մենք մեր նպատակից երբևէ չենք շեղվել, որպեսզի պատճառաբանելով ադրբեջանցիների այսպիսի գործողությունները` ինչ-որ բան վերանայենք: Մենք հաստատակամ ենք, և ես վստահ եմ, որ մենք հասնելու ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը: Սա է մեր նպատակը, և այն վերաիմաստավորելու կարիք ես չեմ տեսնում»,- ասել է ՀՀ Նախագահը: