22/06/2010 11:50
Գերմանիայի հայ համայնքն ՀՀ մշակութային օժանդակության կարիքն ունի
Գերմանիայում հայապահպանության խնդիրները լուծելու համար հայ համայնքը Հայաստանից հոգևոր-մշակութային աջակցություն է ակնկալում: Այս մասին հայտարարել է գերմանահայոց հոգևոր առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը` նախօրեին Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների հարևանությամբ գտնվող «Ադլոն» հյուրանոցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը պաշտոնական այցով գտնվում է գերմանիայում, որի շրջանակներում էլ հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հոգևոր առաջնորդը, խոսելով հայ համայնքի մասին, հայտնել է, որ նախկինում գաղթականներ չընդունող պատճառով Գերմանիայում հայկական համայնք սկսվել է ձևավորվել միայն 20-րդ դարի երկրորդ կեսին, և մուտքի հնարավորույթունների ազատականացումից հետո, հետևել է հայերի զանգվածային ներգաղթի երեք ալիք` 60-ականներին Թուրքիայից, 70-ականներին` Իրանից ու մերձավորարևելյան երկրներից, իսկ 88-ի երկրաշարժից ու Արցախյան գոյամարտի տարիներին` նաև Հայաստանից: Արդյունքում վերջին հիսուն տարիների ընթացքում Գերմանիայում ձևավորվել է մոտ 50 հազարանոց հայ համայնք, որն այսօր արդեն ունի աշխարհասփյուռ հայկական գաղթօջախներին բնորոշիչները` տասնյակ համայնքային կառույցներ ու կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալում ամենատարբեր ոլորտներում` կրթություն, մշակույթ, քաղաքականություն, գիտություն, ազգապահպանություն և այլն:
Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, անդրադառնալով այսօր համայնքի առջև ծառացած խնդիրներին, նշել է, որ հայապահպանությունը համայնքի հիմնական խնդիրն է` «Ձուլման սպառնալիքի դամոկլյան սուրը կսավառնի մեր գլխին»: Հենց այդ մարտահրավերը հաղթահարելու համար անհրաժեշտ է, որ հայրենիքը անհրաժեշտ հոգևոր-մշակութային օժանդակություն ցուցաբերի:
«Դուք ճիշտ եք, և մենք պատասխանատվություն են զգում Սփյուռքի հարատևման համար»,- ի պատասխան հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով նաև նշել է, որ հենց այդ նպատակով է ստեղծվել Սփյուռքի նախարարությունը:
Հայկական համայնքներին Հայաստանի օժանդակության վերաբերյալ ՀՀ նախագահը նշել է, որ «ամեն ինչ չէ, իհարկե, որ արվում է սպասված չափով, սակայն պետությունը եղած հնարավորություններն օգտագործում է առկա բազմաթիվ հիմնախնդիրների շարքում Սփյուռքում հայապահպանության խնդիրների լուծմանը նպաստելու համար»: Երկրի ղեկավարը տեղեկացրել է, որ նախօրդ օրը հենց այդ հարցերը քննարկել է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և ընդգծել. «Մենք պետք է բազմապատկենք մեր ջանքերը»:
Տեղեկացնենք նաև, որ Սրբազան հայրը ՀՀ նախագահի հետ հանդիպման մեկնարկում բոլորի անունից ողջունել է Հանրապտության ղեկավարին և վստահություն հայտնել, որ նախագահ Սարգսյանի առաջին պաշտոնական այցը Գերմանիա հաջող արդյունքներ կգրանցի: