22/06/2010 11:40
ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Գերմանիայի հայ համայնքի հետ
Պաշտոական այցով Գերմանիա ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 21-ին Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների հարևանությամբ գտնվող «Ադլոն» հյուրանոցում հանդիպեց Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Գերմանիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը ողջույնի խոսքով բացեց հանդիպումը և ներկայացրեց այստեղ հայ համայնքի ձևավորման պատմության և այսօր ծառացած խնդիրների մասին:
ՀՀ նախագահին և ներկաներին խոսքով դիմեց նաև Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ղեկավար Ադամ Օրդուխանյանը` նշելով, որ Գերմանիայում բնակվող 60 հազար հայերից բացի երկրում գրեթե նույնքան իսլամացած հայեր կան:
Ինչպես նշվեց հանդիպմանը, Գերմանիայում գործում են մոտ 40 հայկական կազմակերպություններ, որոնցից 13-ը միավորված են Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ներքո, որը զբաղվում է այստեղի հայ համայնքի բոլոր խնդիրներով` շեշտը դնելով քաղաքական աշխատքի վրա:
ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ իրենց գործունեության մասին ամփոփ տեղեկատվություն տրամադրեց նաև Գերմանահայոց կենտրոնական խորհրդի քաղաքական խորհրդատու Անդրանիկ Ազնավուրյանը նշելով, որ աշխատանքներ են ծավալվում հիմնական երկու ուղղությամբ` Արցախի հիմնահարց և Հայոց Ցեղասպանության ճանաչում: Անդրանիկ Ազնավուրյանը հայտնեց, որ հայկական կողմին չի բավարարում մի քանի տարի առաջ Բունդեսթագի ընդունած բանաձևը, որտեղ Ցեղասպանություն տերմինի գործածությունը որոշակի երկմտանքի տեղիք է թողնում: Նրա խոսքով, իրենք ձգտում են նոր փաստաթուղթ ընդունել, որտեղ Մեծ եղեռի իրավական բնորոշումը` ցեղասպանությունը, ավելի հստակ կարձանագրվի:
Անդրանիկ Ազնավուրյանը տեղեկացրեց, որ ԼՂ հակամարտության հարցում մեծ գումարներ են ծախսում այստեղի ադրբեջանցիները և թուրքերի հետ մեկտեղ հսկայական լոբբիստական աշխատանք իրականացնում: Դրան հակազդելու համար, ըստ Ազնավուրյանի, անհրաժեշտ է հայկական լոբբիստական կառույցների գործունեության վերափոխում անել և «մեկտեղել համայնքի ու Հայաստանի կառավարության ջանքերը: Գերմանահայոց կենտրոնական խորհրդի քաղաքական խորհրդատուն կարևորեց այս հարցում նաև Հայաստանի դեսպանի հետ պարբերաբար հանդիպումների անհրաժեշտությունը»:
«Շատ ճիշտ առաջարկությունը է», - արձագանքեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և վստահեցրեց, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններն այսուհետ էլ ավելի ակտիվ կհամագործակցեն տեղի հայկական կազմակերպությունների հետ:
Միաժամանակ ՀՀ ղեկավարը հիշեցրեց, որ պարբերական քննարկումների ձևաչափով համայնքների և ՀՀ կառավարության մշտական կապը պահպանվում է ոչ միայն դեսպանների հանդիպմամբ, այլև հնարավորության դեպքում օտարերկրյա այցելությունների ընթացքում նման հանդիպումներ են ունենում թե ինքը, և թե հանրապետության վարչապետը, ԱԺ նախագահն ու մյուս պաշտոնյաները:
Հանդիպման մասնակիցներն իրենց հուզող խնդիրների շուրջ հարցեր ու տեսակետներ արտահայտեցին` ստանալով նաև ՀՀ նախագահի պարզաբանումներն ու պատասխանները: Գերմանահայերի` Արցախի հիմնախնդրով մտահոգվածության կապակցությամբ Սերժ Սարգսյանը ներկայացրեց հայկական կողմի դիրքորոշումն ու մոտեցումները: Անդրադարձ եղավ նաև հայապահպանությանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին: