22/06/2010 17:03
Սերժ Սարգսյանը Գերմանիայում հանդիպել է Անգելա Մերկելի հետ
Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման, ինչպես նաև համագործակցության բազմակողմ ձևաչափերի հնարավորություններն իրացնելուն առնչվող հարցեր:
ՀՀ Նախագահը նշել է, որ բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներն առաջ են մղում քաղաքական երկխոսությունը և հնարավորություն ընձեռում խորացնելու Գերմանիայի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում: Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հայ-գերմանական համագործակցությունը դիտարկում է նաև որպես կարևոր բաղադրիչ եվրաինտեգրման գործընթացում:
Կողմերն անդրադարձել են առևտրատնտեսական կապերի զարգացմանը` նշելով, որ Հայաստանում մոտ ութ տասնյակ գերմանական կապիտալով ընկերությունների առկայությունը լավ հիմք է` ընդլայնելու համագործակցությունը ներդրումային ոլորտում:
Խոսվել է նաև Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին հատկացվող ֆինանսական և տեխնիկական աջակցության մասին: ՀՀ Նախագահն ասել է, որ Հայաստանի հետ համագործակցող դոնոր երկրների շարքում Գերմանիան երկրորդն է աջակցության ծրագրերի ծավալով, և որ այդ ծրագրերը էական նշանակություն ունեն մեր տնտեսության և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների առումով:
Նախագահ Սարգսյանն ու կանցլեր Մերկելը քննարկել են նաև հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրները: Սերժ Սարգսյանը ողջունել է Գերմանիայի հավասարակշիռ քաղաքականությունը տարածաշրջանում: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին` Նախագահ Սարգսյանը մտահոգիչ է համարել, որ Ադրբեջանը չի խորշում անընդհատ բարձրաձայնել այն ռազմական ճանապարհով լուծելու անթաքույց նկրտումների մասին, այդպիսով վտանգելով ոչ միայն հայ-ադրբեջանական բանակցությունները, այլև տարածաշրջանային կայունությունն ընդհանրապես: Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին` ՀՀ Նախագահն ափսոսանք է հայտնել, որ հարաբերությունների կարգավորմանն ու Եվրոպայում վերջին փակ սահմանի բացմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը մնացին անարդյունք Թուրքիայի` գործընթացն այլ նպատակներով օգտագործելու և բանակցությունների համաձայնեցված սկզբունքներից հրաժարվելու պատճառով:
Կողմերը կարևորել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առանց նախապայմանների առաջ շարժվելու, իսկ Լեռնային Ղարաբաղի խնդրում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու անհրաժեշտությունը:
ՀՀ նախագահի մամլո գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը և կանցլեր Անգելա Մերկելը հանդես են եկել մամուլի կարճատև ասուլիսով: