23/06/2010 10:47
«Եվրոպայի միակ փակ` հայ-թուրքական սահմանը մնում է այդպիսին»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 22-ին Գերմանիայի Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում իր ելույթի ժամանակ խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանի նախաձեռնության հետևանքով տեղի ունեցած զարգացումների փորձառության մասին:
«Այն մտահոգությունները, որ այսօր ես հնչեցնում եմ տարածաշրջանի անվտանգության խնդիրների առումով, մեծապես առաջնորդում էին մեզ նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը հռչակելիս: Դա և՛ տարածաշրջանային ընդհանուր ապագայի մասին մտահոգությունն էր, և՛ բաժանարար գծերի վերացումն ու երկխոսության մթնոլորտի հաստատումը, և՛ տնտեսական համագործակցության խթանումը` որպես նաև հետագայում քաղաքական խնդիրների լուծման համար բարենպաստ դաշտի ստեղծման գրավական», - ասել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահը պարզաբանել է, թե ինչու՞ ՀՀ նախաձեռնությունը չպսակվեց հաջողությամբ, նշելով, որ Թուրքիան հետ կանգնեց իր ստանձնած պարտավորություններից և ոչ միայն չվավերացրեց ստորագրված արձանագրությունները, այլև վերադարձավ գործընթացից առաջ որդեգրած իր հին դիրքերին. նախապայմանների, թելադրանքի և անգամ սպառնալիքների լեզվին:
«Մինչև օրս էլ Եվրոպայի միակ փակ` հայ-թուրքական սահմանը մնում է այդպիսին», - շեշտել է Հայաստանի նախագահը և շարունակել. «Անշուշտ, թուրքական կողմից Հայաստան-Թուրքիա կարգավորման տապալումը կարող է բացատրվել քաղաքական ղեկավարության անկարողությամբ կամ չկամությամբ, միգուցե նաև այլևայլ հաշվարկներ ունենալու հանգամանքով. մի քանի վերլուծաբաններ թերևս ավելացնեն նաև ադրբեջանական ճնշման գործոնը: Որոշ արևմտյան վերլուծաբաններ ինձ փորձում էին համոզել, որ սա ժամանակավոր երևույթ է, ներքին ընտրական գործընթացների սպառման համար»:
«Միգուցե, ժամանակը ցույց կտա: Ավելի խորքային վերլուծությունը բերում է մեկ եզրակացության` մեր տարածաշրջանում դեռևս խորապես առկա են դիմացինի հաշվին խնդիրները լուծելու, “ես ուժեղ եմ, հետևաբար ես եմ թելադրելու լուծումները” մոտեցումները: “Հարևանների հետ զրոյական խնդիրների քաղաքականությունը” զրոյական արդյունքներ է տալիս: Եվ այդպես կլինի այնքան ժամանակ, որքան Թուրքիան շարունակի իր շահը փնտրել մեր տարածաշրջանում շահերի բախման, այլ ոչ թե համադրման համատեքստում», - շեշտել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահի խորին համոզմամբ ժամանակն է, որպեսզի «տարածաշրջանի առաջնորդները վեր կանգնեն նեղ քաղաքական օրակարգերից ու հակասություններից, ի ցույց դնելով իսկական առաջնորդական հատկանիշներ՝ ուղղված ապագայի կերտմանը, այլ ոչ անցյալը վերապրելուն»:
Ս.Սարգսյանը հույս է հայտնել, որ նման փոփոխություններ կարող ենք տեսնել առաջնորդների հենց այս սերնդի մոտ: