14/07/2010 15:46
ՀՀԿ անդամ. «Ղարաբաղի ժողովուրդն ազատ ապրելու իրավունք ունի»
«Ինչպես բոլոր ժողովուրդները, այնպես էլ Ղարաբաղի ժողովուրդն ունի ազատ ապրելու իրավունք։ Ադրբեջանի հանրությունն ու հատկապես իշխանությունները պետք է գիտակցեն, որ այլ ճանապարհ չկա, և փոխզիջումը կարող է լինել միայն Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելով», - այսօր հրավիրված մամլո ասուլիսում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին խոսելիս` ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը:
Փոխզիջումները, ըստ Մինասյանի, կարող են լինել 2 սկզբունքով. «Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը ու կապը մայր հայրենիքի` Հայաստանի հետ և ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Սակայն հարցերի լուծումից հետո ազատագրված տարածքների հանձնման հարցը, որպես փոխզիջում, կդառնա բանակցային սեղանի քննարկման և կոմպրոմիսային լուծումների առարկա, որին պարտադիր պետք է մասնակցի նաև ղարաբաղյան կողմը»:
Անդրադառնալով ադրբեջանական իշխանությունների ռազմատենչ հայտարարություններին` Մինասյանը նշեց, որ դրանք ներքին օգտագործման համար են և այն որակեց որպես «քաղաքական տրյուկ»:
«Նավթադոլարները շատ թանկ հաճույք են, կլաններն իրենց գործն արել են, և իրենց երկրի ժողովրդին հանգստացնելու, խաբելու համար պետք է ասեն, որ զենք են գնում և պատրաստվում են պատերազմի», - ընդգծեց Մինասյանը:
Խոսելով հնարավոր պատերազմական գործողությունների մասին` ՀՀԿ-ականը վստահորեն ասաց, որ Ալիևը և նրա կլանը երբեք պատերազմի չեն գնա, քանի որ արդյունքում կունենան հսկայական կորուստներ` ոչ միայն մարդկային, այլև` տարածքային: Սակայն, ըստ բանախոսի, «մենք պետք է մշտապես պատրաստ լինենք յուրաքանչյուր ռազամական գործողության»: