14/09/2010 18:44
«Թուրքերը համերաշխ են Հայոց ցեղասպնության ուրացման հարցում»
Թուրքիայում սահմանադրական բարեփոխումները, ըստ թուրքագետ Հակոբ Չաքրյանի, հավանաբար, կանդրադառնան նաև 301 հոդվածին:
Հիշեցնենք, որ 301 հոդվածը պատիժ է ենթադրում Թուրքիային, թուրք ազգությանը կամ թուրքական կառավարական կառույցներին հասցված վիրավորանքի համար։ Այս հոդվածով են դատապարտվել Հրանտ Դինքը, Օրհան Փամուկը և բոլոր նրանք, ովքեր Թուրքիայում բարձրաձայնում են Հայոց ցեղասպանության ու դրա ճանաչման մասին:
Այս առիթով Հ. Չաքրյանը նշեց, որ վերջին շրջանում Թուրքիայում գործնականում 301 հոդվածը գրեթե չի կիրառվում: Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ այդ հանգամանքն ամենևին չի նշանակում, թե բոլորը Թուրքիայում խոսում են Հայոց ցեղասպանության մասին:
«Պետք է մի բան միշտ հիշել. թուրք իշխանություններն ու թուրք ժողովուրդը, եթե մի հարցում համերաշխ են, ապա դա Հայոց ցեղասպանության ուրացումն է: Այդ ժխտողականությունը, որն իրականում խորքային արմատներ ունի, հենց պայմանավորում է համերաշխությունը, որովհետև թուրքական ժողովրդական զանգվածները սիրահոժար մասնակցել են Ցեղասպանության իրականացմանը»,- ընդգծեց Հ. Չաքրյանը: