02/10/2010 09:13
ԵՄ-ն մտահոգված է ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում միջադեպերով
Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին:
Հանրապետության Նախագահը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Հայաստանի Հանրապետության և Եվրամիության փոխգործակցության զարգացման տեսանկյունից, երկուստեք կարևորվել է Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների սահուն ընթացքն ապահովելու անհրաժեշտությունը: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ԵՄ խորհրդատուների խմբի աշխատանքի կապակցությամբ, որի գործունեության ընդլայնումը ողջունելի է համարվել:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ: Փիթեր Սեմնեբին նշել է, որ ԵՄ-ն մտահոգված է ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում հաճախակի դարձած միջադեպերի կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: