02/10/2010 16:34
Տիգրան Սարգսյանը շնորհավորել է ուսուցիչներին տոնի առթիվ
Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Առնո Բաբաջանյան համերգասրահում մասնակցել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ուսուցչի մասնագիտական տոնի առթիվ կազմակերպած ՀՀԿ անդամ ուսուցիչների պարգևատրման արարողությանը։
ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն փոխանցմամբ` շնորհավորելով ներկաներին` կառավարության ղեկավարը իր խոսքում մասնավորապես ասել է. «Մեր ապագան մեծապես պայմանավորված է ուսուցչի աշխատանքով, որովհետև, ինչպիսի արժեքներ սերմանենք մեր երիտասարդ, մատաղ սերնդի մեջ, այնպիսի արդյունք էլ կունենանք։ Այնպես որ, ապագան կերտվում է այսօր, և դուք եք այդ ապագայի կերտողները», - դիմելով ուսուցիչներին` նշել է կառավարության ղեկավարը։ Վարչապետը նշել է, որ մանկավարժների խնդիրները շարունակելու են մնալ գործադիրի ուշադրության կենտրոնում։
Տիգրան Սարգսյանը մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում և կրթության ու մանկավարժության բնագավառում ունեցած վաստակի համար վարչապետի հուշամեդալով պարգևատրել է հանրապետության տարբեր դպրոցներ ներկայացնող 10 ուսուցիչների։