05/10/2010 10:26
ԵԽԽՎ նստաշրջանում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը
Հոկտեմբերի 4-ին Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում կքննարկվեն նաև Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և Վրաստանին առնչվող հարցեր:
Ինչպես հաղորդում է «Կավկազսկի ուզել»-ը, ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի նիստերի դահլիճում կքննարկվի Հայաստանի կողմից Երևանում 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևի կատարումը:
Ընթացող նստաշարջանի օրակարգում է նաև Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի գործունեությունը:
«Ենթահանձնաժողովի գործունեության հարցը ես մտադիր եմ քննարկել Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հետ: Հանդիպումների արդյունքների հիման վրա ելույթ կունենամ ԵԽԽՎ Բյուրոյի նիստում` ուրբաթ օրը», - ըստ Թրնեդ գործակալության, հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ Հայաստանը դեմ է ԼՂ հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի գործունեությանը` գտնելով, որ կարիք չկա կրկնօրինակել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործառույթները:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով և լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձևերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը և կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: