07/10/2010 12:25
ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է անում կատարել պարտավորությունները
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում չորեքշաբթի օրը ընդունվել է մի հայտարարություն, որտեղ կոչ է արվում Ադրբեջանին կատարել Եվրոպայի խորհրդի առջև ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում ստանձնած պարտավորությունները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հայտարարությունը, որի տակ ստորագրել է ԵԽԽՎ-ի շուրջ երեք տասնյակ պատգամավոր, նախաձեռնել է Եվրոպայի խորհրդում հայաստանյան պատվիրակության անդամ, Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Այս փաստաթղթով Եվրոպայի խորհուրդը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել միմիայն խաղաղ ճանապարհով և բացառել ուժի կիրառման սպառնալիքը:
«Հակառակ Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորություններին` Ադրբեջանը շարունակում է իրականացնել երկրի ռազմականացման վտանգավոր քաղաքականություն` հանդես գալով Հայաստանի և հայերի դեմ ուղղված ռազմատենչ և թշնամություն սերմանող հռետորաբանությամբ», - ասված է հայտարարությունում. - «Ադրբեջանը մերժում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, հրաժարվում է բանակցել կոնֆլիկտի հիմնական կողմ հանդիսացող Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, իսկ բոլոր այն մարդիկ, այդ թվում և Խորհրդարանական վեհաժողովի անդամները, ովքեր այցելում են Ղարաբաղ, հայտնվում են Ադրբեջանի սև ցուցակում»:
Եզրափակելով` հայտարարության հեղինակները շեշտում են. - «Խորհրդարանական վեհաժողովը պետք է Ադրբեջանից պահանջի առավել լիարժեքորեն և անկեղծորեն կատարել Եվրոպայի խորհրդի առջև իր ստանձնած պարտավորությունները»:
Հայաստանցի ընդդիմադիր պատգամավորի այս հայտարարությանը միացել են նաև Հայաստանի իշխանությունը ներկայացնող Հանրապետական Դավիթ Հարությունյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը և «Օրինաց երկիր» խմբակցության ներկայացուցիչ Արծրունի Աղաջանյանը, նշում է աղբյուրը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով և լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ` 2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձևերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը և կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: