11/10/2010 18:11
«Դեպի կրթություն` բոլորի համար»
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարության, «Առաքելություն Արևելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի և «Հույսի կամուրջ» հաշմանդամ երեխաների ու երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է «Դեպի կրթություն բոլորի համար» ծրագրի իրականացման շրջանակում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «Առաքելություն Արևելք» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ռաֆի Դուդակլյանը, «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը:
Անդրադառնալով հուշագրին` նախարարը նշել է, որ հուշագրի ստորագրումը կարևոր է ոչ այնքան բարձրագույն կրթության բարեփոխումների տեսակետից, որքան ևս մեկ քայլ` նպատակաուղղված մեր երկրում յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի լիարժեք իրականացմանը և իրագործմանը: Հուշագրի ստորագրման կարևորությունը Ա. Աշոտյանը մատնանշել է նաև որպես միջազգային համագործակցության ընդլայնման և քաղաքացիական ինստիտուտների ներգրավման լավագույն օրինակ` հավելելով, որ այս ուղղությամբ դանիական կառավարության հետ համագործակցությունը ևս մեկ քայլ է:
ՀՀ կրթության և գիտության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` նախարարը ներկաներին տեղեկացրել է, որ այս համատեքստում նախարարությունն արդյունավետ համագործակցում է տասնյակ հասարակական կազմակերպությունների հետ, որոնցից մի քանիսը հանդիսանում են նախարարին կից կոլեգիայի անդամներ: «Քաղաքացիական ռեսուրսների ներգրավումը կրթական բարեփոխումների մեջ նախարարության առաջնահերթություններից է: Այս հուշագրի երրորդ կարևոր բաղադրիչը երեխաների կրթության իրավունքի իրականացման նախադրյալն է: Ներառական կրթության ոլորտում ՀՀ-ն առաջատար դիրքերում է տարածաշրջանում, հայկական փորձը բավականին հետաքրքիր և գրավիչ է տարածաշրջանի երկրների համար, և այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները պետք է ուղղված լինեն ՄԱԿ-ի համապատասխան հռչակագրերով երեխայի իրավունքների ամրագրմանը, մեր հասարակության մեջ կրթության մատչելիության, հավասար պայմանների ստեղծմանը»,-նշել է նախարարը` անդրադառնալով նաև հուշագրի շրջանակում Մանկավարժական համալսարանի հետ համագործակցությանը:
«Այս հուշագիրը մանկավարժական բարձրագույն կրթության բնագավառի բարեփոխումներում հատուկ մանկավարժության ուղղությամբ մի մասն է այն ծրագրերի, որոնք սպասում են Մանկավարժական համալսարանին: Նախարարության աջակցությամբ Համաշխարհային Բանկի վարկային միջոցներով ևս մեկ խոշոր ֆինանսական և բովանդակային բաղադրիչ է տրամադրվելու համալսարանին. բուհն այս տարի կընտրի խոշոր եվրոպական գործընկեր համալսարան, որի հետ երեք տարվա ընթացքում կիրականացնի մանկավարժական կրթության խորքային բարեփոխումներ` եվրոպական մանկավարժական մտքին և միջազգային չափանիշներին համապատասխան: Նախանշվող բարեփոխումները մանկավարժական կրթությանը Հայաստանում պետք է հաղորդեն նոր որակ»,-ընդգծել է նախարարը:
«Դեպի կրթություն բոլորի համար. աջակցել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կայուն զարգացմանը» ծրագիրը հիմնված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն բոլորի համար» հռչակագրի, ՄԱԿ-ի «Երեխաների իրավունքների» և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների» կոնվենցիաների, ՀՀ սահմանադրության, ինչպես նաև ՀՀ կրթության ոլորտը կարգավորող օրենքների և իրավական ակտերի վրա:
Հուշագրի ստորագրմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ստանձնում է ծրագրի արդյունավետ իրականացման գործընթացը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ներառական կրթության ուղղությամբ ձեռքբերումները արդիականացնելու, կատարելագործելու, գործնականում կիրառելու, ինչպես նաև հիմնախնդրով զբաղվող կազմակերպությունների և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի միջև համագործակցությունը խթանելու ուղղությամբ:
«Դեպի կրթություն բոլորի համար» ծրագրի իրականացման շրջանակներում այսօր մեկ այլ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է կնքվել նաև «Առաքելություն Արևելք» դանիական մարդասիրական օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, «Հույսի կամուրջ» հաշմանդամ երեխաների ու երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի միջև: Եռակողմ այս հուշագրի ստորագրմամբ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն իր պատրաստակամությունն է հայտնում, ներհամալսարանական համապատասխան մասնագիտական ներուժի ներգրավմամբ, սատարել և աջակցել հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների կրթությանն ու բազմակողմ զարգացմանը` իբրև հասարակության լիարժեք և լիիրավ անդամներ` ապահովելով բոլորի կրթության հասանելիությունը և համապատասխան որակը:
Եռակողմ փոխհամագործակցված աշխատանքի ընթացքում Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը ի սպաս կդնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների մասնագիտական հմտություններն ու կարողությունները` խթանելու և կյանքի կոչելու «Դեպի կրթություն բոլորի համար» ծրագրի հիմնադրույթները: