13/10/2010 11:28
Արցախի Նախագահը ողջունել է համաժողովին մասնակցող լրագրողներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին մասնակցել է Ստեփանակերտում մեկնարկած «21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը եւ հայ լրատվությունը» լրատվամիջոցների եւ լրագրողների 5-րդ համահայկական համաժողովին եւ հանդես եկել ողջույնի խոսքով:
«Ողջունում եմ բոլորիդ Արցախյան հողում և ի սրտե շնորհավորում լրատվամիջոցների ու լրագրողների 5-րդ համահայկական համաժողովի մեկնարկի կապակցությամբ: Այն, որ համաժողովը անց է կացվում մեզ մոտ` Արցախում, չափազանց կարևոր ու խորհրդանշական է բոլոր առումներով:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության իշխանություններին, մասնավորապես, սփյուռքի նախարարությանը` այս հանգամանքը հաշվի առնելու և Ստեփանակերտում համաժողովը բարձր ներկայացուցչական մակարդակով կազմակերպելու համար: Համոզված եմ, որ այն դրական դերակատարություն կունենա համահայկական տեղեկատվական դաշտի զարգացման գործում:
Միանգամայն ակնհայտ է, որ տեղեկատվության ոլորտը հայոց անկախ պետականության զարգացման ու զորացման, աշխարհով մեկ սփռված հայության ազգային ինքնության պահպանման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման, Արցախի միջազգային ճանաչման, համազգային նպատակների իրականացման հանգուցային բաղադրամասերից է:
Անգնահատելի է հայ լրատվության դերը համահայկական կարևորագույն խնդիրների` հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Արցախյան հիմնահարցի ճշմարտացի լուսաբանման գործում: Այս խնդիրների լուծումն անհնարին է առանց հայ ժողովրդի բոլոր հատվածների միասնական ջանքերի համախմբման: Աշխատանքներն այս ուղղությամբ պահանջում են սերտ կապեր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի քաղաքական, լրատվական, գիտակրթական, վերլուծական և այլ շրջանակների միջև:
Ողջունելի է, որ համաժողովի ընթացքում լայնորեն կքննարկվեն վերոհիշյալ հարցերը: Հուսով եմ, այդ քննարկումներն օգտակար կլինեն միասնական լրատվական ճակատն ուժեղացնելու, առկա բացերը շտկելու, կեղծիքների վրա հիմնված հակառակորդի քարոզչությունը չեզոքացնելու ուղղությամբ կոնկրետ քայլերի մշակման տեսանկյունից:
Բարեկամներ, վստահ եմ, որ այս համաժողովը հաջողությամբ կիրականացնի իր առջև դրված խնդիրները և կնպաստի տեղեկատվական ոլորտում գործնական կապերի ընդլայնմանն ու խորացմանը:
Համաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք, իսկ նրա մասնակիցներին` հաջողություններ` հանուն հայոց պետականության հզորացման ու մեր համազգային նպատակների իրականացման», - Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ` ասել է Բակո Սահակսյանը: