13/10/2010 09:22
Անդրանիկ Նիկողոսյանը ստացել է բարձր պարգև Պատրիարք Կիրիլի կողմից
«Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության համանախագահ Անդրանիկ Նիկողոսյանը պարգևատրվել է Ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ ազնվահավատ իշխան Դանիիլ Մոսկվացու III աստիճանի շքանշանով: Ինչպես նշված է Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հրամանագրում, շքանշանն Ա. Նիկողոսյանին շնորհվել է «Գյումրիում Պատվո Բլուր ռուսական զինվորական գերեզմանատան վերականգնման ընթացքում ցուցաբերած անձնուրաց աշխատանքի համար»: Այս մասին հայտնում են «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության մամուլի կենտրոնից:
Նշենք, որ, համաձայն Ռուս ուղղափառ եկեղեցու պարգևների մասին կանոնակարգի, Սուրբ ազնվահավատ իշխան Դանիիլ Մոսկվացու շքանշանով են պարգևատրվում հոգևոր կյանքի վերածննդի գործում ավանդ ունեցող անձինք:
Հիշեցնենք, որ Պատվո Բլուրը զինվորական գերեզմանատուն է Գյումրիում, որտեղ հողին են հանձնված 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմներում Կարս քաղաքի գրավման ընթացքում զոհված ռուս սպաների աճյունները:
Խորհրդային տարիներին Պատվո Բլուրը հավասարեցվեց հողին, և միայն 2009-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի նախաձեռնությամբ որոշում ընդունվեց այն վերականգնելու մասին: Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը նշանակվեց վերականգնման հարցերով հանձնաժողովի նախագահ: Վերականգնման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվեց «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպությունը:
Պատվո Բլրի բացման արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 20-ին` Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ: