21/10/2010 13:26
Համահայկական նկարչական օր` Սիրահարների այգում
Հոկտեմբերի 24-ին Երևանի Սիրահարների այգում հավաքվելու են մանուկներ, ովքեր նկարելու են «հայրենի բնություն և մշակութային արժեքները» կարգախոսի ներքո: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմանդրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
«Այդ նկարներով երեխաները համախմբվում են մեկ մրցույթի շուրջ` համահայկական նկարչական մրցույթ»,- ընդգծեց Ռ. Խաչատրյանը և հավելեց, որ արդեն իրենց վեբ-կայքում հազարավոր նկարներ են դրվել:
Մրցույթին մասնակցելու են 3 տարիքային խմբեր` 5-ից 8, 9-ից 12 և 13-ից 16 տարեկան երեխաներ:
Արդեն 3-րդ տարին է, որ անց է կացվում նկարչական մրցույթը և, Ռուբեն Խաչատրյանի տեղեկացմամբ, այս տարի Երևանի քաղաքապետի աջակցությամբ կազմակերպվում է նաև 17-ից 30 տարեկան երիտասարդների նկարչական մրցույթ` «Իմ երազանքների քաղաք» թեմայով:
Բանախոսը նշեց, որ այդ նկարները կախվելու են մայրաքաղաքի տարբեր հատվածներում ի հիշեցում քաղաքացիների` քաղաքը ավելի կանաչ տեսնենք, մաքուր պահենք, չաղտոտենք:
«Սա մի յուրօրինակ փորձ է, որպեսզի երեխաների աչքերով մեծերս տեսնենք այսօրվա էկոլոգիական վիճակը, այն ազդակները, որ երեխաներն են մեզ տալիս` կհասկանանք, թե իրականում ի՞նչ է կատարվում»,- ընդգծեց Վայրի բնության և մշակութային արժեքներիի պահպանման հիմնադրամի տնօրենը: