23/10/2010 09:10
Վաղը Խաչի Գյուտի տոնն է, իսկ այսօր` Տասներկու Սբ. Վարդապետների
Հոկտեմբերի 24-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Խաչի Գյուտը տոնը: Իսկ այսօր Տասներկու Սբ. Վարդապետների` Ռեթեոսի, Դիոնեսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կյուրեղ Երուսաղեմացու, Եփրեմ Խուրի Ասորու, Բարսեղ Կեսարացու, Գրիգորի օրն է:
Խաչի Գյուտը Քրիստոսի խաչափայտին նվիրված չորս տոներից է, հայտնում է Արարատյան թեմի տեղեկատվական համակարգը: 327 թվականին բյուզանդական Կոստանդիանոս կայսեր մայրը` Հեղինեն, Տիրոջ խաչը գտնելու նպատակով այցելում է Երուսաղեմ: Հուդա անունով մի հրեա օգնում է կայսրուհուն գտնել Քրիստոսի խաչվելու վայրը` Գողգոթան, որտեղ որոնումների արդյունքում հայտնաբերվում են Հիսուսի և նրան խաչակից երկու ավազակների խաչերը: Տիրոջ խաչը ճանաչելու համար մի պատանու դիակ հերթով դնում են դրանց վրա, որոնցից մեկի վրա պատանին հարություն է առնում, և այդպես ճանաչվում է տերունական խաչը: Այդ հրաշքից հրեա Հուդան քրիստոնեություն է ընդունում և հետո դառնում է Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը: Խաչափայտի գյուտից հետո Հեղինեն բարեզարդում է Երուսաղեմի սրբազան վայրերը, իսկ Գողգոթայում կառուցում Սբ. Հարություն եկեղեցին, որտեղ հետագայում զետեղվում է Տիրոջ խաչափայտը:
Տասներկու Սբ. Վարդապետները եղել են առաքինի կյանքով ու նկարագրով հռչակված անձնավորություններ, որոնք եկեղեցու կողմից դասվել են սրբերի կարգը և ճանաչվել որպես Ընդհանրական Եկեղեցու մեծ հայրեր, Սուրբ Գրքի հեղինակավոր մեկնիչներ, քրիստոնեական հավատի ուղղափառ ավանդապահներ:
Տասներկու վարդապետների գործունեության կարևորագույն առանցքն ուղղափառ հավատի պահպանությունն ու անաղարտ փոխանցելն էր սերունդներին: Քրիստոնեության հիմնադրման օրվանից գոյություն են ունեցել հերետիկոսներ, հերձվածողներ, որոնց հետևորդները, սխալ ընկալելով ու մեկնաբանելով Աստծո խոսքը, առաջացրել ու զարգացրել են թյուր պատկերացումներ և մոլար ուսմունքներ` կապված քրիստոնեական վարդապետության հիմնարար սկզբունքների հետ: Բայց ի հակադրություն նրանց` եկեղեցու տասներկու վարդապետները, ամբողջության մեջ ըմբռնելով աստվածային հայտնությունը, տվել են վարդապետական առանցքային դրույթների և սկզբունքների ճշգրիտ մեկնությունը` ուղղափառության սահմաններում զարգացնելով եկեղեցական աստվածաբանությունը:
Հայ Առաքելական եկեղեցին ընդգծում է, որ տասներկու վարդապետների դերն ու նշանակությունն այսօր, առավել քան երբևէ անհրաժեշտ են մեր հասարակության համար, որտեղ ներթափանցել են Սուրբ Գրքի կամայական մեկնիչներ, որոնք Աստծո խոսքի` իրենց ոչ ճիշտ ընկալումներն ու պատկերացումները պատվաստում են մեր ժողովրդի զավակների մտայնության մեջ` հեռացնելով նրանց ոչ միայն իրական, ճշմարիտ փրկության ճանապարհից, այլև մեր ազգային գիտակցությունից, Աստվածաշունչ մատյանի ուղղափառ մեկնությամբ ձևավորված մտածողությունից, նաև ազգային դիմագծից ու նկարագրից: Ուստի, այս տոնը մեզ համար ևս մեկ պատեհ առիթ է արժևորելու մեր նախնյաց թողած հարուստ ժառանգությունը` հավատարիմ մնալով մեր եկեղեցուն և Քրիստոսի Եկեղեցու Սբ. Հայրերի լույս հավատին: